Վրաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, հայտարարվում է արտակարգ դրություն

Վրաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, հայտարարվում է արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

«Կոչ ենք անում Վրաստանի նախագահին ընդունել մեկ ամսով արտակարգ դրության մասին որոշումը»,-հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Որոշումն ընդունվել է հիվանդության հարցերով միջգերատեսչական համակարգող խմբի հերթական նիստի արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 47-ի, որոնցից մեկն ապաքինվել է։

Հարցը դրվել է խորհրդարանի քվեարկությանը։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում