Փաստաբանների պալատի նախագահը դիմել է արդարադատության նախարարին դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է արդարադատության նախարարին դատական նիստերի տեսաձայնային հեռահաղորդակցության ապահովման հարցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝

-փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը

-դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

Ինչպես տեղեկացնում է Փաստաբանների պալաի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, գրության մեջ նշվել է նաև, որ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստերի մասնակցությունն այս պահին թույլատրում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ:

«Մեր տեղեկություններով դատական նիստերի դահլիճներն այդպիսի համակարգերով ապահովված չեն:

Անհրաժեշտ են նաև տեխնիկական օժանդակության լուծումներ Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան ներկայացնելու համար:

Գրության պատճենն ուղարկվել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին»,- ասվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում