«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Analitik.am: «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հարցումով դիմում է

Արտակարգ դրության պարետ Տ.Ավինյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Դավթյանին

Հարգելի պարոն Ավինյան,

հաշվի առնելով, որ ՀՀ պարետատան կողմից չի ապահովվել կապի արդյունավետ միջոց (էլեկտրոնային փոստի հասցե, ֆաքս, ինտերնետ հավելվածի համար և այլն), ստիպված սույն հարցումը ներկայացնում ենք ֆեյսբուքյան էջի միջոցով.

Հայաստանի Հանրապետությունում 16.03.2020թ. հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածման և կանխարգելման նպատակով, համաձայն պաշտոնական տեղեկատվության, բազմաթիվ քաղաքացիներ, ում մոտ կասկածվում է վարակի առկայություն, մեկուսացվում են տարբեր վայրերում՝ հյուրանոց, հիվանդանոց և այլն:

Ըստ վերջին տվյալների, նման անձանց քանակը կազմում է շուրջ 600 հոգի:

Ակնհայտ է, որ նման մեկուսացման դեպքում սահմանափակվում են անձնական ազատության իրավունքը, ազատ հաղորդակցության իրավունքը և/կամ ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այդ սահմանափակման հնարավորությունը նախատեսված է Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 33 հոդվածի 2-րդ մասով և 40 հոդվածի 3-րդ մասով: Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը պահանջում է, որ այդ սահմանափակումների իրականացման կարգը սահմանված լինի օրենքով, սակայն նման օրենք ՀՀ-ում բացակայում է: Նշված իրավունքների սահմանափակումների իրականացման կարգ սահմանված չէ նաև որևէ ենթաօրենսդրական ակտով:

Հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը, թեպետ, իր էությամբ նշանակում է մարդու և քաղաքացու որոշակի իրավունքների սահմանափակում, սակայն դա ամեն դեպքում չպետք է տեղի ունենա անհարկի և կամայականորեն կամ հանգեցնի իրավունքների և ազատությունների ոտնահարման:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք պարզաբանել.

1.Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կարգով, արտակարգ դրության պայմաններում, ազատությունից զրկված՝ մեկուսացված անձանց մասով արդյո՞ք հստակ սահմանված է, թե որ պաշտոնատար անձն է որոշում կայացնում նրանց մեկուսացման մասին, որքան ժամկետով, որ վայրում և ինչպիսի իրավական հիմքերով:

2.Մեկուսացված անձանց պահման վայրերում արդյո՞ք սահմանված է մեկուսացման (պահման) պարտադիր ռեժիմ, թե՝ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից է այն սահմանված և ո՞ւմ կողմից է վերահսկվում դրա կատարումը:

3.Եթե սահմանված է մեկուսացման ռեժիմ, ապա ապահովված է արդյոք մեկուսացված անձանց ծանոթացումը ռեժիմի պայմաններին, սահմանվա՞ծ է արդյոք դատախազական հսկողություն, ապահովվա՞ծ է արդյոք մեկուսացման դատական վիճարկման իրավունքը, թե՝ ոչ:

4.Ապահովվա՞ծ է մեկուսացված անձանց հեռահաղորդակցության իրավունքը, թե ՝ ոչ, եթե այո, ապա ինչպես, եթե՝ ոչ, ապա ինչ իրավական հիմքերով՝ մասնավորապես, մեկուսացված անձինք կարող են ազատորեն օգտվել հեռախոսներից, թե՝ ոչ (առկա է չստուգված տեղեկատվություն, որ մեկուսացված անձանցից վերցվում են հեռախոսները կամ հեռախոսային կապ ունենալը պարզապես արգելված է):

5.Ո՞ւմ կողմից է կայացվում մեկուսացված անձին ազատ արձակելու մասին որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում