Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ասլան Գեորգիի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա պետական ինքնիշխանության ամրապնդմանը:

Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև կապերը հետագայում ևս կընդլայնվեն ու կխորանան:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Մաղթում եմ բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության և բարգավաճման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում