Վիտալի Բալասանյանի հաղթանակի կարևորությունը

Վիտալի Բալասանյանի հաղթանակի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.amՆախընտրական պայքարն Արցախում մոտենում է ավարտին։ Մի շարք գործոններով պայմանավորված այս ընտրություններն Արցախի քաղաքական պատմության մեջ կմնան որպես առանձնահատուկ և աննախադեպ։ Այս քաղաքական գործընթացի յուրահատկությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան մասնակից թեկնածուների ու տեսակետների բազմազանությամբ, այլ նաև կիրառված քաղաքական տեխնոլոգիաների աննախադեպ կիրառմամբ։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը, որը հակառակ բոլոր սպասումների, ձեռնպահ մնաց որևէ մեկին ակնհայտ աջակցելուց։ Թեև նախագահի 14 թեկնածուներից 3-ը անթաքույց ակնկալում էին ՀՀ վարչապետի ակնհայտ աջակցությունը, սակայն հայտարարության տեսքով այն այդպես էլ տեղի չունեցավ։ Իրականում, ՀՀ իշխանության տարբեր թևեր ցույց տվեցին իրենց վերաբերմունքը կամ ոչ ակնհայտ աջակցությունը նախագահի 3 թեկնածուների նկատմամբ, սակայն մեկ միասնական դիրքորոշում այդպես էլ չձևավորվեց։ Վերջին 22 ամիսների ընթացքում Հայաստանի իշխանություններն առիթը ու հնարավորությունը բաց չթողեցին Արցախի ներքաղաքական գործընթացներին մասնակցելու, «դավադիր ուժեր» փնտրելու, անբարեհաճ ուժերին քաղաքական ու հայեցողական պաշտոններից հեռացնելու ուղղություններով։ Սակայն, Արցախի նախընտրական փուլում ՀՀ իշխանությունները ձեռնպահ մնացին որևէ մեկին ակնհայտ աջակցելու գաղափարից՝ կարծելով, որ նախկինում անցանկալի թեկնածուներից մի քանիսին անթաքույց քննադատելով, նրանք կկարողանային ազդել Արցախի ընտրողների վրա։

Ի հեճուկս նախկինում տեղի ունեցած ճնշումների ու միջամտությունների՝ նախընտրական պայքարը ցույց տվեց Վիտալի Բալասանյանի ակնհայտ տարբերությունը մյուս թեկնածուների նկատմամբ։ Թե՜ կիրառված քաղաքական ու նախընտրական տեխնոլոգիաների, թե՜ գրագետ ու հստակ քարոզարշավի շնորհիվ նա նոր լույսի ներքո ներկայացավ արցախցի ընտրողին։ Նախընտրական պայքարի ընթացքում նա կարողացավ ցույց տալ, թե ինչ ասել է ռազմաքաղաքական փորձառություն, իրադարձություններին սթափ ու անշտապ նայելու իմաստնություն, ռազմավարական տեսլական ունենալու կարևորություն, ժողովրդի հետ պարզ ու անկաշկանդ խոսելու նպատակամղվածություն։ Արցախցին լավ գիտի Վիտալի Բալասանյանին, նրա համեստ նիստուկացը, հարազատ հողին ու ջրին անվերապահ կառչած լինելու անդավաճան նվիրումը։ Անցած ամսվա ընթացքում արցախցին հայտնաբերեց մի նոր Վիտո, որի համար կա մեկ անվերապահ սկզբունք. լինել սկզբունքային՝ ի հեճուկս քամիների համընթաց և հակընթաց բնույթին։

Բալասանյանի նախընտրական քարոզարշավը կհիշվի մի շարք հիշարժան գործոններով, սակայն դրանցից առավել ուշագրավը լրագրողների ամենահաճախ հնչեցված հարցն էր, թե ինչպես է Բալասանյան պատկերացնում իր համագործացությունը ՀՀ իշխանությունների հետ, երբ ժամանակին նա ամենասուր կերպ քննադատում էր նրանց։ Ամենահոռետես լրագրողն ու փորձագետն էլ հասկացավ, որ Բալասանյանն ունի բանակցելու բնատուր տաղանդ։ Միևնույն ժամանակ, նա անկեղծ քննադատ է, ում համար կարևորը հայրենիքի բարեկեցությունն է ու անվտանգությունը։ Նա երբեք չթաքցրեց իր դիրքորոշումը, որ ՀՀ իշխանությունների նկատմամբ նրա քննադատությունը անձնավորված չէ, նա քննադատում է գործընթացները, երևույթները որպես սրտացավ հայորդի։

Իրականում, ՀՀ իշխանությունների հեռագնա շահերից է բխում Բալասանյանի հաղթանակը Արցախի նախագահական ընտրություններում։ Բոլոր առումներով հլու հնազանդ, տեսակետների ամբողջական համընկնում մատուցող, ինքնուրույն դիրքորոշում չունեցող Արցախի նախագահը պատուհաս ու թակարդ է լինելու ՀՀ իշխանությունների համար, երբ նրանք մասնակցում են Արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում։ ՀՀ իշխանությունների շահերից է բխում, որպեսզի բանակցություններում Արցախի և ՀՀ-ի միջև բազմակարծություն ապահովվի։ Դա աշխատել է 1990-ականներին, այն կաշխատի նաև ապագայում։ Բազմակարծությունը, տեսակետների տարբերությունը և բախումը միմիայն կհզորացնի մեր հայրենիքը։ ՀՀ իշխանությունները պետք է վստահ լինեն, որ Արցախի ոչ մի նախագահ չի կարող և չի աշխատի ՀՀ ռազմավարական շահերի դեմ։ ՀՀ իշխանությունները պարտավոր են ուղղորդվել բազմակարծության ու համակեցության սկզբունքներով։

Արցախցին մարտի 31-ի ընտրություններում կկատարի գիտակցված ընտրություն։ Եթե ՀՀ-ում անվտանգություն ասվածը դիտվում է որպես չարչրկված ու քաղաքականացված եզրույթ, Արցախում այն ամենօրյա իրողություն է։ Արցախցու համար սովորական դարձած «մեր Վիտոն» գիտի անվտանգության ասվածի ուղն ու ծուծը։ Նա ու անվտանգությունը միակցվել են ու դարձել մեկ ամբողջություն։ Նրա սահմանած առաջնահերթությունների բուրգում ամեն ինչ ածանցվում է անվտանգությանը։

Վարդան ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում