Մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու վերաբերյալ ԱԺ-ի ընդունած օրենքը շատ լուրջ թերություններ ունի.Դավիթ Հարությունյան

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու վերաբերյալ ԱԺ-ի ընդունած օրենքը շատ լուրջ թերություններ ունի.Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Tert.amԵս կարծում եմ, որ օրենքի ընդունման անհրաժեշտություն թեև կար, բայց գտնում եմ, որ օրենքը պարունակում է բազմաթիվ անորոշություններ և դրան պետք էր անդրադարձ կատարել մինչև օրենքի ընդունումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի կողմից միաձայն ընդունած մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագծին:

«Բայց օրենքը շատ ավելի լուրջ թերություններ ունի, քանի որ բազմաթիվ հասկացություններ բավարար հստակեցված չեն: Այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր է աշխատանք իրականացնել առաջին հերթին հանրային գիտակցության միջոցով, և ցավոք սրտի, իմ տպավորությունն այն է, որ մենք կարծես թե այդ առումով թուլացած վիճակում ենք գտնվում, և մեզ թվում է, թե այս համաշխարհային վտանգը մեզ այլևս չի սպառնում: Ես կարծում եմ, որ խնդիրը հանրային գիտացությունն է, որովհետև միայն ուժային և պատժողական քաղաքականության միջոցով հնարավոր չէ հասնել արդյունքի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ պետական և հանրային վերաբերմունքը փողկապակցված են:

Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով կառավարության գործունեությանը, ասաց, որ կարծում է, որ այսօր ոչ թե իրավական առումով կա անհամաչափություն, այլ առողջապահական առումով: «Ես կարծում եմ, որ բազմաթիվ խնդիրներ կային, որոնք պետք է լուծվեին, և այդ մեկուսացումը, ինքնամեկուսացումը պետք է լիներ շատ ավելի կոշտ, պահանջկոտ և տարածվեր շատ ավելի լայն շրջանակի վրա: Այն, որ մենք այսօր մեղմում ենք իրավիճակը, իսկ դրա իրավունքը չունեինք, ինձ համար փաստ է, այսինքն՝ պետք է այս պահին կանխարգելիչ միջոցառումները խստորեն իրականացվեին, իսկ իմ տպավորությամբ մենք այդ առումով մեղմում ենք իրավիճակը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում