Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է

Ընտրություններն Արցախում. Առաջատար է դարձել Բալասանյանը, երկրորդը Հարությունյանն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Panorama.amՍոցիոլոգիական հարցման հերթական ալիքի արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում նախագահական մրցապայքարում առաջատարի փոփոխություն է եղել. 31,8 տոկոսով առաջին տեղում է Վիտալի Բալասանյանը։ Այս մասին, վկայակոչելով հարցման արդյունքները, հայտնում է «Խրոնիկի Արմենիի»-ն:

Երկրորդ տեղը զբաղեցրել է մրցապայքարի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը. քվեարկությանը մասնակցելու որոշում կայացրածների 27,1 տոկոսն է նրան պատրաստ ձայն տալ։ Մրցապայքարի երրորդ տեղում է Մասիս Մայիլյանը. նա նույնպես կորցնում է հասարակության աջակցությունը և ստացել է 16,8 տոկոս։

Չկողմնորոշվածների թիվը կազմում է է 12,1 տոկոս, ևս 1,4 տոկոսը մտադիր է դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին։

Արայիկ Հարությունյանը մնացել է հակառեյտինգի առաջատարը. «Ո՞ր թեկնածուների օգտին չեք քվեարկի որևէ պարագայում» հարցին 18,7 տոկոսը մատնանշել է նրա անունը։ Մասիս Մայիլյանի հակառեյտինգը կազմում է 5,9 տոկոս։ Մյուս թեկնածուների հակառեյտինգը չի գերազանցում 2 տոկոսը։

Բալասանյանի և Հարությունյանի կուսակցությունների վարկանիշը գրեթե համընկնում է իրենց առաջնորդների վարկանիշների հետ։ «Նոր Արցախը» և «Միասնական հայրենիքը», որոնք աջակցում են Մայիլյանին, հավաքում են համապատասխանաբար 8,5 տոկոս և 8,3 տոկոս։ Որևէ այլ կուսակցություն մրցապայքարում չի հաղթահարում 5 տոկոսի շեմը։

Ուսումնասիրությունն իրականացվել է փողոցային հարցումների միջոցով: Նմուշը ներկայացուցչական է՝ ըստ սեռի, տարիքի, ուրբանիզացիայի գործակցի եւ հարցվածների բնակության վայրերի: Հետազոտության մեջ հաշվի են առնված ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած հարցվողների 290 հարցաթերթիկ։

Հաշվի չեն առնվել նրանց պատասխանները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում