Ինչպես գերտերություն ԱՄՆ-ն չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ

Ինչպես գերտերություն ԱՄՆ-ն չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.amԱմերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն անդրադարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման ու թե ինչպես է ԱՄՆ-ն պայքարում, կամ չի կարողանում պայքարել վարակի դեմ։

Նշվում է, որ մարտի 25-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 54 հազար դեպք, մահացությունների թիվը հասել է 782-ի, գրանցվել է առողջացման 378 դեպք։ Այսօրվանից ուժի մեջ են մտել 16 նահանգներում «Տանը մնա» նահանգային կարգադրությունները։ Այդ նահանգների թվում են Կալիֆորնիան, Կոնեկտիկուտը, Դելավերը, Հավայի‎ն, Իլինոյս‎ը, Ինդիանա‎ն, Լուիզիանա‎ն, Մասաչուսեթսը, Միչիգան‎ը, Նյու Ջերսի‎ն, Նյու Մեքսիկո‎ն, Նյու Յորք‎ը, Օհայո‎ն, Օրեգոնը, Վաշինգտոն նահանգ‎ը և Արևմտյան Վիրջինիան։ Այս նահանգների բնակչությունը կազմում է ԱՄՆ ընհանուր բնակչության թվի 40%-ը։

Մեկ շնչին ընկնող դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորքը, որին հաջորդում են Վաշինգտոն նահանգն ու Լուիզիանան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը մարտի 24-ին նշել էր, որ վերջին 24 ժամում գրանցված դեպքերի 85%-ը Եվրոպայից և ԱՄՆ-ից են, որից 40%-ը ԱՄՆ-ում գրանցված դեպքերն են։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում դեպքերի շատ արագ տարածումը, խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն։

Վարակվածների թվում արդեն կան կոնգրեսականներ և մեկ սենատոր։ Նրանք են՝ կոնգրեսականներ Մարիո Դիազ- Բալարդը, Բեն ՄքԱդամսը։ Ներկայիս տվյալներով միայն մեկ սենատոր է վարակվել կորոնավիրուսով, նա հանրապետական Ռենդ Փոլն է։

Վաղ չորեքշաբթի ԱՄՆ սենատի առաջնորդներն ու Թրամփի ադմինիստրացիան հնգօրյա բանակցություններից հետո համաձայնության եկան իր չափերով աննախադեպ $2 տրիլիոն հատկացնելու օրինագծի շուրջ։ Այդ գումարը ուղղվելու է՝ օգնելու ԱՄՆ տնտեսությանը հաղթահարել կորոնավիրուսի հասցրած վնասը, այդ թվում տրամադրելով մի շարք ամերիկացիների $1,200֊ի վճարագրեր, ստեղծելով $367 միլիարդի վարկերի ծրագիր փոքր բիզնեսի համար և $500 միլիարդի ֆոնդ արտադրությունների, քաղաքների և նահանգների համար։

Ի թիվս կենցաղային նպատակով օգտագործվող ապրանքների ամերիկացիներն արձագանքում են աճող կորոնավիրուսի համաճարակին՝ նաև զենք ու զինամթերք գնելով: Ամբողջ երկրում զենքի խանութները հայտնում են զինամթերքի վաճառքի աճի ծավալների մասին, մարդիկ հսկայական հերթեր են ստեղծում զենք գնելու նպատակով։ Այս գործընթացը իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այն կարող է հանգեցնել ինքնասպանությունների և ընտանեկան բռնությունների զգալի աճի։

Կորոնավիրուսն իր ազդեցությունն է նաև ունեցել ԱՄՆ ընտրական գործընթացների վրա։ Վերջին նախնական ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 17-ին Արիզոնա, Ֆլորիդա և Իլինոյս նահանգներում։ Մյուս բոլոր ընտրությունների մի մասը նախատեսվում է իրականացնել փոստային տարբերակով, իսկ մյուս մասը՝ հետաձգել մայիս և հունիս ամիսներին։

Իր հերթին նախագահ Թրամփը երեքշաբթի օրը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները կվերացվեն մինչ Զատիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում