Մայր Աթոռ. Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

Մայր Աթոռ. Շաբաթ օրը դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.amՈւշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»:

Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։

Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում