Անգամ այս իրավիճակում Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանիպուլյացիաների ստրատեգիա. Տեր-Նակալյան

Անգամ այս իրավիճակում Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանիպուլյացիաների ստրատեգիա. Տեր-Նակալյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսի կանխարգելման համար իշխանության քայլերն առնվազն ուշացած են եղել, իսկ ուշացման պատճառով ցանկալի արդյունքներ չեն լինում: Այս մասին «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Միևնույն ժամանակ, օրվա հրամայական հանդիսացող կենսական նշանակություն ունեցող քայլեր չեն արվում: Անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է մանիպուլյացիաների ստրատեգիա, որի վերջնանպատակը ոչ թե վիրուսի տնտեսական հետևանքների մեղմումն է, այլ հետևանքների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելը»,- ասաց Տեր-Նակալյանը՝ նշելով, թե ամեն ինչ գնում է էժան բեմադրությունների սցենարով, ու չեն տրվում կարևորագույն կարգավորումներ:

Նրա խոսքով՝ երկրում արտակարգ դրության հայտարարումը կարևորագույն կարգավորում էր, որը պետք էր տալ, այլ հարց է, որ ոչ թե պետք էր տալ մարտի 16-ին, այլ, առվազն, մարտի 1-ին, երբ Հայաստանում գրանցվեց վարակման առաջին դեպքը:

«Երբ դեռ դեպքեր չկային, Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին ասում էին, որ իրավիճակը մեծ ռիսկեր է պարունակում, պետք է ՀՀ եկողներին կարանտինային կոշտ ռեժիմում պահել, իսկ իրենք սկսում էին պաթոսով բացատրել, թե մեր քաղաքացիների մասին է խոսքը, և չպետք է այդպես վարվել: Փաստորեն կարելի էր վարվել, այն էլ ամբողջ հանրապետության հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով վիճակի սոցիալական հետևանքներին՝ կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ երբ մարդկանց արգելում են աշխատել, դրանից մարդու ֆիզիոլոգիական պահանջները չեն զրոյանում: «Ըստ այդմ պետք է օպտիմալ լուծումներ առաջարկել, փոխարենը տեսնում ենք, որ երբ այդ խնդիրը սկսում են բարձրաձայնել, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀՀ-ում օրավարձով աշխատող չկա: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև այն թեզով, որ մարդկանց վարկերի տույժ-տուգանքները պետք է զրոյացնել, հիմա անգամ այդ հարցը չի քննարկվում»,- ասաց նա:

Անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին՝ Տեր-Նակալյանը տեսակետ հայտնեց, թե Արցախի նախագահի պաշտոնում կընտրվի Վիտալի Բալասանյանը: «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուներից մեկն ընտրվի, նրա իշխանությունը տևելու է այնքան, ինչքան՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում