Կորոնավիրուսից բուժված 28 անձ կա, իսկ մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. Առողջապահության նախարար

Կորոնավիրուսից բուժված 28 անձ կա, իսկ մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. Առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակման հետևանքով տարեց քաղաքացու երեկվա մահվան դեպքին, նշեց, որ հիմնականում բարդություններն առաջանում են խրոնիկական հիվանդություն ունեցող և տարեց քաղաքացիների մոտ. շատ կարևոր է նրանց պաշտպանությունը վարակի տարածումից: Նա նշեց, որ իրենց գործողություները միայն միտված են հենց այդ խոցելի քաղաքացիների առողջապահության պահպանությանը:

«Ուզում եմ տեղեկացել, որ մոտ 40 քաղաքացիներ մեկուսացումից դուրս են գրվել, այսօր էլ ևս տասը քաղաքացի, որոնք կրկնակի բացասական թեստ ունեն դուրս են գրվելու, և գումարելով նախկին թվին՝ կարող ենք ասել, որ 28 բուժված քաղաքացի կա: Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, իսկ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում, պացիենտների մեծ մասն առանց սիմպտոմների են և պարզապես մեկուսացված են հիվանդանոցներում կամ հյուրանոցներում»,- ասաց նա:

Նախարարը հաստատեց, որ վարակվել է երկու ամսակա երեխա և նրա մայրը և երեկ, երբ լրագրողներն այդ մասին հարցրել են, նա տեղեկացված չի եղել: «Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրն է երկու օր ջերմել, սակայն այս պահին սիմպտոմներ չկան, նրանք երկուսն էլ հիվանդանոցում են և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունն ապահովելու, առողջությունը վերականգնելու համար, թեպետ, որպես այդպիսին, վերականգնելու կարիք չկա»,-ասաց նա:

Արսեն Թորոսյանն ասաց, որ հանրապետությունում կա կորոնավիրուսով հաստատված 329 դեպք, 28 բուժված, և բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի, ինչպես նաև մեկ մահվան դեպք: Նա կոչ արեց պահպանել արտակարգ դրության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում