Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amՄեր որոշ աշխատակիցներ՝ շփվելով բնակչության հետ, հնարավոր է, որ իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:

«Մենք ունենք այդպիսի մեկ դեպք: Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունենք վիրուսակիր, որը մեկուսացված է, բուժման փուլում է գտնվում, բայց նաև նրա հետ ունենք կոնտակտավոր մարդիկ: Դուք պատկերացնո՞ւմ եք, հերթափոխում լինում են 15-20 մարդ, եթե դրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15-20 հոգին արդեն դառնում են ակտիվ կոնտակտավորներ և հետագայի համար մենք նրանց պետք է մեկուսացնենք, հեռացնենք, որ կարողաննք այդ սպառնալիքը հեռացնել ընդհանուր ջոկատից, ընդհանուր կառույցից»,- ընդգծեց նա:

Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին վարակակիրի հետ 11 ակտիվ կոնտակտավորները մեկուսացված են. «Նրանք մեկուսացված են մեր ուժերով մեր համապատասխան կառույցներից մեկում, Լուսակերտի տարածքում: Նրանց հետ ակտիվ աշխատանք է տարվում, ամեն ինչ արվում է, որ նրանց վիճակը հսկվի և հետագա բարդացումներ չունենանք»,- շեշտեց նա:

Նա նշեց, որ բոլոր ստորաբաժանումներում օրը երեք անգամ ջերմաչափում է արվում, երկու անգամ իրականացվում է տարածքների վարակազերծման աշխատանքներ: «Մենք նույնիսկ գնացինք նրան, որ հերթափոխերը, որոնք իրար պետք է փոխարինեն, իրար չհանդիպեն, որ շփում չլինի: Այս ուղղությամբ աշխատանքները տարվում են հստակ, որ մենք կարողանանք մարտունակ ստորաբաժանումներ ունենալ»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում