Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ)

Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.am: Tert.am-ը շրջել է Երևանում, նկարահանել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ոստիկանության գործողությունները։

Նկարահանման ընթացքում հանդիպած բոլոր քաղաքացիների մոտ առկա էր անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման թերթիկ։ Հիշեցնենք, սակայն, որ ՀՀ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև մարտի 28-ի ժամը 12։00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 1889 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Երևանի երբեմնի մարդաշատ վայրերում այս օրերին հազվադեպ են հանդիպում քաղաքացիներ՝ հասկանալով Կառավարության և ոստիկանության գործողությունների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, դժգոհություններ ունեին՝ տեղաշարժման դժվարությունների, հանրային տրանսպորտի աշխատանքի հետ կապված։

«Հիմնականում սահմանափակումները վատ են այն մարդկանց համար, ովքեր աշխատում են, այդ առումով դժվար է։ Ցանկալի չեն այս սահմանափակումները։ Հանրային տրանսպորտը չափազանց վատ է աշխատում, ես Զեյթունից մինչև Կենտրոն գալու համար արդեն 3 տրանսպորտ եմ փոխել»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց․ «Միայնակ թոշակառու եմ, օգնող չունեմ, ոչ մեկն էլ չի հասցնում, որ գա ինչ-որ մեկին օգնի։ Ստիպված տաքսիով գալիս եմ խանութ, տաքսիով գնում եմ։ Թոշակառուներին ո՞վ է բանի տեղ դնում»։

Մեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար նախատեսված է 100-250 հազար դրամ տուգանք։ Ոստիկաններից մեկը հայտնեց, որ եթե քաղաքացին միայն թերթիկ չի ունենում, 100 հազար դրամի չափով է տուգանքը կազմվում․ «Եթե նաև անձնագիր չի ունենում, նոր արդեն ավելանում է տուգանքը»,- ասաց ոստիկանը։

Նշենք նաև, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն էլ հայտնաբերել են 1843 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 2-ից ավելի անձ։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից, հասարակական տրանսպորտի 48 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում