Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան

Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Tert.am: Եթե բովանդակային գնահատեմ նախագծերի փաթեթը, ապա երկու բառով կասեմ՝ բովանդակազուրկ և «անպտուղ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

«Հասկանալի է, որ երկիրը թռիչքաձև զարգացնելու, դատական համակարգը բարեփոխելու մեծաշուք քաղաքական խոստումներին պետք է հաջորդեին օրենսդրական փոփոխություններ: Այս առումով՝ փաթեթի ընդունումը հերթական ձևական քայլ է, որն ուղղված է «ռեֆորմիստական-հեղափոխական» իշխանության պատրանքային իմիջի պահպանմանը՝ առավելապես արտաքին լսարաններին մոլորեցնելու ճանապարհով»,– ասաց նա:

Ըստ նրա, օրենսդիրի կողմից այս փաթեթի ընդունումն իրականում որևէ կերպ չի բարեփոխելու դատական համակարգը կամ նպաստելու Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ ստեղծելու է քաոս և բարոյալքում ողջ դատական համակարգում:

«Այս փաթեթի միջոցով ավելի են թուլանում որակյալ արդարադատության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ թուլացվում են դատավորների անկախությունն ու պաշտպանվածության երաշխիքները: Որակյալ արդարադատությունը, նախևառաջ, ենթադրում է փորձառու և բարձր մասնագիտական պատրաստվածությամբ դատավորների առկայություն, որոնց գործունեությունը կխթանվի առաջխաղացման, խրախուսման և վարձատրության արդար համակարգի միջոցով: Մինչդեռ այս փաթեթի միջոցով ոչ թե ամրապնդվում և խրախուսվում են պրոֆեսիոնալ որակները, այլ վերացվում, նվազեցվում է դատավորների տարիքային շեմը, իջեցվում է պարտադիր մասնագիտական ստաժը, մեղմացվում են թեկնածուների ներկայացվող օբյեկտիվ չափանիշները»,– ասաց նա:

Սիրանուշ Սահակյանն ասաց, որը այս փաթեթը վերանայում է դատավորների գործունեության գնահատումը և ներդնում բարեվարքության ստուգում: «Ըստ էության, վերջինը դա նույն վեթինգն է: Բարեվարքության ստուգումը չափելի չէ: Այն, օրինակ, ենթադրում է կոռուպցիոն գործարքներում դատավորի կողմից ներգրավածության և դատավորների քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության իրականացում քաղաքականացված կազմ և ազդեցությունների կրող մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Հստակ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող կամ քննություն իրականացնող մարմին չէ: Այն նաև իրավասու չէ ծանոթանալու հանցագործությունների բացահայտման նպատակով հավաքագրվող օպերատիվ և քննության տվյալներին»,– ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց նաև, որ նույնկերպ, ենթամշակույթի հարելու մասին հետևության հիմքերն ու փաստերն են անհստակ: «Ուստի, այս ուսումնասիրությունները ոչ թե օբյեկտիվացված, անխտրական և իրավական ընթացակարգերի պահպանմամբ գործընթացներ են լինելու, այլ դատավորների նկատմամբ քաղաքական ճնշման մահակներ: Նույնը վերաբերում է կարգապահական պատասխանատվության վարույթներին և դատավորի գործունեության գնահատմանը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը վտանգում է դատավորների անկաշկանդ գործունեությունը և անկախությունը, սահմանափակում ներքին համոզման հիման վրա գործը քննելու դատավորի բացարձակ իրավունքը, ինչը միջամտություն է դատական գործունեությանը: Սա ևս ստեղծում է դատավորների վրա կամայականորեն ներազդելու անսահմանափակ հնարավորություններ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե նախագիծն ապահովում է անկախ դատավորներ ունենալու հարցը, թե ճիշտ հակառակը, մեծացնում է կախվածությունը, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Այս փաթեթն իրականում լուծում է հակառակ խնդիրը: Անկախ դատական իշխանության գոյությունը չի կարող հանդուրժել ցանկացած իշխանություն: Դա թանկ ձեռքբերում է և դրա համար իշխող քաղաքական ուժը պետք է ունենա անհրաժեշտ որակներ, ինչպիսին է քաղաքական հասունությունը, կուսակցական ժողովրդավարացումը, ինքնազսպումը: Ցավոք, այդ նախադրյալներ Հայաստանում չկան: Ուստի, այս փաթեթը լուծում է մեկ քաղաքական խնդիր, այն է՝ գործող քաղաքական իշխանությունից «բացարձակ ամբողջական կապի» մեջ գտնվող դատական համակարգի խնդիրը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում