Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին

Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց և Ավստրալիայից տուն վերադառնալուց հետո Twitter-ում երկրպագուներին պատմել է իր ինքնազգացողության մասին։

Երկու շաբաթ դերասանն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, Ավստրալիայում կարանտինում են գտնվել, սակայն ապաքինվելուց հետո Լոս Անջելես են վերադարձել։

«Ողջույն բոլորին։ Մենք տանն ենք, և այժմ, ինչպես բոլոր ամերիկացիները, մենք նույնպես տնից դուրս չենք գա»,- գրել է դերասանը։

«Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք Ավստրալիայում հոգ էին տանում մեր մասին։ Նրանց օգնության շնորհիվ մենք վերադարձանք ԱՄՆ։ Եվ շնորհակալություն բոլորին բարեմաղթանքների համար: Դա մեծ նշանակություն ունի իմ ու Ռիտայի համար», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ Հենքսը կնոջ հետ ժամանել էր Ավստրալիա՝ մասնակցելու ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանի՝ Էլվիս Փրեսլիի մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումներին: 63-ամյա դերասանը հանդես է գալիս երգչի մենեջերի` Թոմ Փարքերի դերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում