ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Panorama.amԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա` Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր) հայտարարություն են տարածել Արցախում այսօր ընթացող ընտրությունների վերաբերյալ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «ընդհանուր ընտրությունները», որի առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում՝ ելնելով 2019թ․-ի մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ վերահաստատված սկզբունքներից և տարրերից: Համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում, որ այս «ընտրությունների» արդյունքները կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում