ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Aysor.amՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով տուժել են զինծառայողներ և վիրավորում է ստացել քաղաքացիական անձ:

«Ստանիսլավ Զասը նշել է, որ տվյալ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածության խախտման մասին», – ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են հրավիրել և կողմերին հորդորել են լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում լարվածության աճը կանխելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Զասի խոսքով՝ «կողմերի զսպվածությունը և իրավիճակի կայունացումը հատկապես կարևոր են այն ժամանակ, երբ մեր բոլորի առջև կա նոր սպառնալիք՝ կորոնավիրուսի պանդեմիան, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում