«Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել

«Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել

«Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես և երբ է անցկացվելու հանրաքվեն, և ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։

Մասնավորապես, նախագծով ամրագրվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Եվ հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Բացի այդ, 5-րդ մասով սահմանվում են կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Մասնավորապես, վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից։

Բացի այդ, պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչև հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Եվ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչև կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեի քարոզարշավը սկսվելու է այն կետից, որտեղ կանգ է առել, այլ ոչ թե ամենասկզբից, և սահմանված են նաև ժամկետները։

Եվ եթե հաշվի առնենք այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե մինչև մայիսի կեսը ամեն ինչ կավարտվի, ապա հանրաքվեն արդեն կանցկացվի ամռանը՝ թերևս հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում