Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը

Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն հայտարարեց՝ Արցախում կկայանան նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Պայքարի մեջ մտած 14 թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել բոլոր կողմ քվեարկած ձայների 50 տոկոս + 1-ը։

Ովքե՞ր երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն։ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, առավել մեծ թվով քվեներ ստացած թեկնածուներն են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (նրա օգտին քվեարկել է 36. 076 ընտրող կամ կողմ քվեարկված քվեաթերթիկների 49.26 տոկոսը) և գործող ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը (նրա օգտին քվեարկել է 19 360 ընտող կամ կողմ քվեարկված քվեաթերիկների 26.4 տոկոսը)։

Panorama.am-ն Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքից առանձնացրել ու հրապարակում է նախագահի ընտրությունների 2-րդ փուլին վերաբերող կարգավորումները։

Այսպես.

Հոդված 20
2. Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 2-րդ օրվանից:

Հոդված 24.
2. Հանրապետության նախագահի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտագործում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները:

Հոդված 28
1. Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող թեկնածուն, Հանրապետության նախագահի թեկնածություն առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ։

Հոդված 31
6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ չեն նշանակվել: Վերաքվեարկություն, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի դեպքերում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:

Հոդված 60
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Վերաքվեարկություն, նոր հերթական, նոր ընտրություն, Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։

Հոդված 77
2. Հանրապետության նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ 2-րդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով։

Հոդված 90
5. Հանրապետության նախագահի ընտրությունների 2-րդ փուլի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածուներն իրավունք ունեն Արցախի հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15-ական րոպե, իսկ թեկնածուների նախընտրական հիմնադրամի հաշվին՝ վճարովի հիմունքներով՝ 30- ական րոպե:

Հոդված 92.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Հանրապետության նախագահ ընտրվելու մասին.
2) ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին.
3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության նախագահ չընտրվելու մասին.
4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության նախագահ չընտրվելու մասին:

Հոդված 94. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին
1. Եթե քվեարկվել է 2-ից ավելի թեկնածու և նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի քվեարկություն: Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում