«Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է

«Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է

«Ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ի թիվս այլ խնդիրների, շատ յուրահատուկ նրբերանգ ունի Հայաստանի պարագայում, քանի որ առկա է արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր։ Հայաստանի սահմաններից երկուսը շրջափակման են ենթարկվում թշնամական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և բաց են միայն երկու հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ սահմանները։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Վրաստանով և Իրանով անցնող ճանապարհների օգտագործումը ցանկացած պահի կարող է վտանգի տակ հայտնվել։ Իրանում ինտենսիվ ձևով համավարակի տարածումը ցույց տվեց, որ հնարավոր է նաև, որ այդ երկրի հետ սահմանը առժամանակ փակվի կամ սահմանափակումներ կիրառվեն։ Չհաշված նաև այն հանգամանքը, որ Իրանի և Արևմուտքի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և ցանկացած պահի Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են ավելի խստացվել, որը չի կարող ազդեցություն չունենալ նաև Իրանի հետ մեր առևտրի և ուղևորաշրջանառության ծավալների վրա։

Համավարակի տարածումը ցույց տվեց, որ խնդիրներ կարող են առաջանալ նաև Վրաստանով հաղորդակցության իրականացման պարագայում։ Սահմանում կիրառվող սահմանափակումներին զուգահեռ՝ Հայաստանի համար լուրջ խնդիր է տնտեսական հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ կապի հարցը։

Լարսի անցակետը տարվա ցանկացած ժամանակ, կախված եղանակային պայմաններից, փլուզումներից և այլ հանգամանքներից, կարող է փակվել։ Եվ հաճախ են այն դեպքերը, երբ Լարսի անցակետում կուտակումներ են լինում, և բեռնափոխադրողները ստիպված են լինում որոշ ժամանակ սպասել մինչև նախատեսված բեռները կարողանան փոխադրել։

Հաճախ են լինում նաև դեպքեր, երբ Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում շուտ փչացող ապրանքներ, և Լարսի անցակետն անցելու հարցը լուրջ ռիսկերի հետ է կապված լինում։ Եվ Լարսի ճանապարհին այլընտրանքային ուղի, որի միջոցով կարող են իրականացնել բեռնափոխադրումները, դեռևս չկա։

Հիմնական պատճառն այդ տարածքում առկա կոնֆլիկտներն են։ Օրինակ՝ տարիներ շարունակ խոսվում է աբխազական երկաթուղին գործարկելու մասին, որի արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային տրանսպորտով կապվել Ռուսաստանի հետ, սակայն վրաց-աբխազական հակամարտության հետևանքով այս երկաթուղու գործարկման մասին խոսելը դեռևս վաղ է։

Եվ քանի որ Հայաստանը արտաքին ցամաքային ելքերի հետ կապված խնդիրներ ունի, ապա այս պարագայում քիչ թե շատ հուսալի փոխադրման ուղու դերակատարություն են ստանձնում օդային փոխադրումները, որոնց միջոցով կարելի է ապահովել մշտական կապը ոչ միայն հարևան երկրների, այլև հեռավոր պետությունների հետ։

Օրինակ՝ երբ Հայաստանի սահմաններում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրներ առաջանան, ապա արդյունավետորեն կարելի է օգտագործել ավիափոխադրումների հնարավորությունը։ Սակայն այստեղ լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը չունի սեփական կայացած ավիացիա, ազգային ավիափոխադրող։ Ճիշտ է՝ Հայաստանից հիմնական թիչքներն իրականացնում են արտերկրյա ավիափոխադրողները, որոնք հաճախ նաև արտոնյալ պայմաններ են ստանում իրենց գործունեության համար, սակայն կարող է գալ մի պահ, որ դրանց գործունեությունը որոշակի խնդիրներ լուծելու համար դառնա աննպատակահարմար։

Օրինակ՝ կարող է ստեղծվել իրավիճակ, որ ավիաընկերությունները լուրջ ֆինանսական և այլ խնդիրների առաջ կանգնեն ու չկարողանան ավիափոխադրումներ իրականացնել։ Բացի դրանից, նրանց գործունեությունը կարող է սահմանափակվել այն երկրների կառավարությունների կողմից, որտեղ այդ ընկերությունները հիմնադրվել են։

Եվ այս օրերին էլ, համավարակի տարածմանը զուգահեռ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են չեղարկվում ավիաչվերթները։ Ուստի որպեսզի ճգնաժամային պայմաններում Հայաստանը սեփական քաղաքացիներին երկիր փոխադրելու և բեռնափոխադրումներ իրականացնելու համար թնջուկի առաջ չկանգնի, ստիպված պետք է լինի մտածել սեփական ավիափոխադրող ունենալու մասին և իր հույսը չդնի միայն արտերկրյա ավիափոխադրողների վրա։

Իսկ դրա համար պետք է մշակվի ավիացիայի ոլորտի կայացման ու զարգացման հայեցակարգը, որի հիմքում կլինեն համաշխարհային ավիացիայի զարգացման միտումները, ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, ինչը կարճ ժամանակ անց գործնական կիրառության կդրվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում