Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին:

«Մենք տեսնում ենք, որ երկրում ձեռնարկված քայլերն իրապես ազդել են հիվանդների ընդունման, նրանց վիճակի ծանրության վրա: Փաստորեն այն կորը, որ կարող է զարգանալ տարբեր սցենարներով, այսօր բավականին բարեհաջող սցենարով է զարգանում»,- ասել է առողջապահության նախարարը:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր Ռուսաստանում ամեն ծանր վիճակում գտնվող հիվանդի սպասարկում են դաշնային բժշկական կենտրոնների մասնագետները: Նրա խոսքով՝ նման հիվանդները ստանում են ամենաորակյալ խորհրդատվությունները:

Այսօր ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում հայտարարել էր, որ հիվանդությունների պիկը դեռ չի անցել: Դրա հետ կապված՝ նա կարգադրել է շրջանների ղեկավարներին ապահովել հիվանդանոցների պատրաստությունը վարակակիրների ընդունման համար, որպեսզի հիվանդանոցներն ունենան դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4149 է, 281 հիվանդ առողջացել է, 34-ը` մահացել: Ռուսաստանում անցկացվել է ավելի քան կես միլիոն թեստավորում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում