Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի»

Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.amԹուրքիան հաջորդ շաբաթվանից կսկսի կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնման արշավը՝ կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով, հայտարարել է Կարմիր մահիկի ընկերության թուրքական մասնաճյուղի ղեկավար Քերեմ Քընըքը, գրում է ria.ru-ն։

«Հաջորդ շաբաթվանից մենք սկսում ենք բուժման նոր մեթոդ։ Դրա համար անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդի ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց 14 օր անցած լինի։ Վիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառով մենք ստիպված ենք գործել մեր հնարավորությունների սահմաններում։ Ես կարծում եմ, որ այս մեթոդը կդառնա աշխարհի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը»,- հայտնել է նա։

Նա հավելել է, որ կորոնավիրուսից առողջացած մարդկանց արյան պլազմայում նոր կորոնավիրուսի հակամարմիններ կան, և դրա փոխներարկումը կօգնի մյուս վարակակիներին ավելի արագ ապաքինվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 040 499 դեպք, 55 185-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 222 240 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 204 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում