Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի

Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, 168.amՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը հաստատել է 168.am-ի տեղեկություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Ըստ աղբյուրի, գությունը Երրորդ նախագահի գրասենյակ է ուղարկվել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից։

«Այո, այսօր Ձեր նշած անձի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով»,- ասել է Մերի Հարությունյանը։

168.am-ի հարցմանը, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշեց, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Մերի Հարությունյանը հավելել է, որ գրությունը քիչ առաջ են ստացել, և ՀՀ երրորդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին անպայման կտեղեկացնեն և՛ լրատվամիջոցներին, և՛ հիշյալ հանձնաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում