Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ

Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցերով տեղակալ Անաստասիա Ռակովան, գրում է tass.ru-ն։

«Մենք մշտապես հետևում ենք այլ երկրներում գործընկերների գործունեությանը, նմանատիպ հետազոտություններ հաջողությամբ անցկացվում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ Հուսով ենք, որ նոր մեթոդը կօգնի մեզ ավելի արդյունավետ պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ: Այսօրվա դրությամբ Մոսկվայում COVID-19-ից ապաքինված 11 անձ դարձել է արյան պլազմայի դոնոր»,- ասել է փոխքաղաքապետը։

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մասնագետ Անդրեյ Բուլանովի խոսքով՝ կորոնավիրուսից առողջացած մարդկանց արյան պլազմայում նոր կորոնավիրուսի հակամարմիններ կան, և դրա փոխներարկումը կօգնի մյուս վարակակիներին ավելի արագ ապաքինվել:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 131 դեպք, որոնցից 76-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 698 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 518 783 դեպք, 88 505-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 330 590 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում