Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան

Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, FacebookՔաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում անցկացված համապետական ընտրությունների վերաբերյալ միջազգայինն արձագանքներին։ Նա մասնավորապես նշել է, որ միջազգային ԶԼՄ- ներում էապես գերակշռեցին ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերներն ու համապատասխանաբար՝ թեզերը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Անհասկանալի անտարբերություն, կամ տնային աշխատանքից գրեթե մշտապես «անբավարար» ստանալու նուրբ արվեստը

Ամփոփելով Արցախի ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները, փաստենք.

1. Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը, համեմատ Արցախում տեղի ունեցած նախորդ համապետական ընտրությունների՝ էապես ավելացել է,

2. Միջազգային կառույցների մասով ևս՝ վիճակը մխիթարական չէ: Օրինակ՝ Չմիավորման շարժման արձագանքը,

3. Միջազգային ԶԼՄ- ներում էապես գերակշռեցին ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերներն ու համապատասխանաբար՝ թեզերը:

Այս ամենը ցույց է տալիս, որ կանխարգելիչ աշխատանքն արվել է (եթե իհարկե՝ որևէ աշխատանք արվել է) շատ ցածր մակարդակով և անարդյունավետ:

Հընթացս՝ իրավիճակը չի փոխվում, ինչի վկայությունն է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը՝ ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի հեռակա կարգով իրականացված հանդիպման վերաբերյալ (հղումը՝ «մեկնաբանություններ»-ի դաշտում), որտեղ նշվում է. «ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամները շեշտել են, որ կորոնավիրուսի ճգնաժամը չպետք է օգտագործվի մարդու իրավունքները սահմանափակելու համար և ընդգծել են, որ վերջին «ընտրությունները» միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում լեգիտիմ չէին և կարող էին մեծացնել սպառնալիքը հանրային առողջությանը»:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ, չկա ԵԱՀԿ ԽՎ հրապարակմանը որևէ արձագանք ԱԳՆ-ի կամ /և/ առնվազն՝ խորհրդարանական համապատասխան պատվիրակության կողմից»:

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում