Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ. Ռոհանին` Արևմուտքին

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ. Ռոհանին` Արևմուտքին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Իրանն ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան արևմուտքը, միևնույն ժամանակ՝ ունենալով «պատժամիջոցային վիրուս»: Այս մասին ապրիլի 12-ին Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այո, կորոնավիրուսի դեմ պայքարում իրավիճակը մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ: Դրա գաղտնիքը թաքնված է մեր հիանալի մարդկանց մեջ և դա արդյունքն է մեր բժշկական անձնակազմի ու զինված ուժերի ինքնազոհ պայքարի»,-ասել է Ռոհանին:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրի նախագահը գնահատել է «համեմատաբար լավ»:

«Մեզ մոտ և ձեզ մոտ կա կորոնավիրուս, սակայն մեզ մոտ ավելի վատ վիրուս կա, որը չկա ձեզ մոտ: Դա պատժամիջոցային վիրուսն է, որին ավելացել է նաև կորոնավիրուսը»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Ռոհանին նշել է նաև, որ այդ համեմատությունը կարող է շատերին դուր չգալ, բայց այդպիսին է իրականությունը:

Իրանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 029 դեպք, 4357 մարդ մահացել է, ավելի քան 42 000-ը` բուժվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում