Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանը մինչև մայիսի 10-ը երկարաձգել է բոլոր երկրների հետ ավիահաղորդակցության արգելքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վրաստանի իշխանությունները մինչև արտակարգ դրության ավարտը երկարաձգել են ավիահաղորդակցության արգելքը բոլոր երկրների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

«Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը: Այս որոշման մասին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հայտնել է ավիաընկերություններին, որոնք չվերթներ էին իրականացնում դեպի Վրաստան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Վրաստանի կառավարությունն ավելի վաղ որոշել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Բացի այդ, արգելվել է մուտքն ու ելքը 4 խոշոր քաղաքներից՝ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից և Ռուսթավից: Երկրում ներկա պահին նաև պարետային ժամ է գործում 21:00-ից մինչև 6:00-ն:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 336-ի, 74 մարդ ապաքինվել է, 3-ը՝ մահացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում