«Վախկո՛տ ես, Նավալնի»․ Զախարովան հրաժարվել է Նավալնիի հետ բանավեճից

«Վախկո՛տ ես, Նավալնի»․ Զախարովան հրաժարվել է Նավալնիի հետ բանավեճից

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն ապրիլի 30-ին համաձայնել էր առցանց բանավեճ ունենալ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ, հրաժարվել է մասնակցել բանավեճին: Նրա խոսքով՝ պատճառն իր առջև դրված պայմաններն են, գրում է rbk.ru-ն։

«Նավալնին անձամբ չէր ցանկանում բանավիճել ինձ հետ։ Ասացին, որ խոսելու ենք միայն վարողի միջոցով։ Առաջարկել են Ալեքսեյ Պիվովարովին։ Սկսեցին պայմաններ դնել՝ սրա մասին կարելի է խոսել, նրա մասին չի կարելի խոսել։ Սկսեցին ժամանակ դնել՝ 2 րոպե սրա համար, 2 րոպե նրա համար։ Վախկո՛տ ես, Նավալնի։ Նույնիսկ կնոջ հետ բանավեճում տղամարդու ես մեջտեղ բերում»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը սոցցանցերում։

Նավալնին նույնպես հաստատել է բանավեճի չեղարկումը։

«Ես համաձայնել եմ այդ բանավեճին և պատրաստ եմ այն անցկացնել ցանկացած ձևաչափով, ինչի մասին գրել եմ հրապարակայնորեն»,- ի պատասխան ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ «բանավեճը, առանց վարողի, տարօրինակ է, հատկապես առցանց»: «Բայց ես երեկ խոստացել եմ, որ ցանկացած ձևաչափով պատրաստ եմ»,– ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին համաձայնել է մասնակցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ բանավեճին։

Զախարովան Նավալնիին բանավեճի է հրավիրել այն ժամանակ, երբ վերջինս խոսնակի մասին հիշատակել է «Ապագայի Ռուսաստան» յութուբյան ծրագրի ընթացքում:

Բանավեճը նախատեսված էր անցկացնել մայիսի 1-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում