Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում, և այստեղ օբյեկտիվ քննության մասին խոսք չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Մինասյանին առաջադրված մեղադրանքին:

Նրա խոսքով՝ քննչական մարմինը երկու տարի զբաղված էր երկրում այսօրվա իշխանության ցանկությունները կամ հանրությանը շեղելու համար որոշակի ամպագոռգոռ հայտարարություններ կատարելը իրականություն դարձնելու գործով:

Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի՝ Միքայել Մինասյանի՝ տարբեր ընկերություններում փայաբաժիններ ունենալու մասին ֆեյսբուքյան գրառմանը, փաստաբանն ասաց, թե այն կատարվել է իրավապահ համակարգի՝ վարչապետի և Կառավարության ցանկություններն ի կատար չածելու հետևանքով: «Վարչապետի մամուլի խոսնակը, որպես Կառավարության և վարչապետի դիրքորոշում, հայտնում է, որ տեղեկացված են փայաբաժինների մասին: Վարչապետի մամուլի խոսնակը շատ է ուշացել. այս քրեական գործը հարուցելու հիմքը եղել է այն, որ վարչապետը այդպիսի տեղեկություններ է ունեցել, և հարուցվել է քրեական գործ «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից հարկերից խուսափելու դեպքի առթիվ: Վարույթն իրականացնող մարմինն ամեն կերպ փորձել է այդ ՍՊԸ-ն կապել Մինասյանի հետ, բայց չի ստացվել, որովհետև դա օբյեկտիվ իրականությունից կիլոմետրերով հեռու է, և երկու տարի ապարդյուն փորձերից հետո գտել են հայտարարագրում լրացված ընդամենը սխալ թիվ, ինչի հիման վրա Միքայել Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց նա՝ նշելով, թե սա առանձին քրեական գործ է, և կապ չունի «Սպայկա» ՍՊԸ-ի քրգործի հետ, հարուցվել է ապօրինի հարստացման դեպքի հետ կապված և միացվել է երկու տարի առաջ քննվող քրեական գործին:

«Մենք ամեն օր խոսում ենք այն մասին, որ երկրին ներդրումներ են պետք, սակայն վարչապետի մամուլի խոսնակը հստակ հայտարարում է, որ կառավարությունն ակնկալում է մասնավոր բիզնեսի վաճառքից ստացված գումարները ուղղել պետական բյուջե: Սա այլ կերպ, քան մասնավոր բիզնեսը խլելու օպերացիա, ես չեմ կարող բնութագրել»,- հավելեց Մինասյանի փաստաբանական խմբի անդամը՝ նշելով նաև, թե Կառավարությունը շատ սխալ ճանապարհ է ընտրել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված:

Նրա խոսքով՝ այդ հայտարարություններն անելու համար ընտրվել է վարչապետի մամուլի խոսնակը, որպեսզի պատասխանատվության «սլաքները» նրա ուղղությամբ լինեն:

Ըստ Պողոսյանի՝ փաստաբանների միջնորդությունը՝ հարցաքննել երկու անձի, չի բավարարվել, ինչի պատճառն այն է, որ միակողմանի, ուղղորդված քննություն է: «Վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննում նշված անձանց, որովհետև դրանով իր առջև դրած խնդրիը չի կարողանա իրականացնել, իսկ խնդիր է դրված այնպես անել, որ չհայտնվի Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը հերքող որևէ փաստաթուղթ»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, թե փաստաբանները դատարանին միջնորդում են կալանքի հարցը քննարկելիս հրավիրել տվյալ անձանց:

Դիտարկմանը, թե մեղադրանքն առաջադրվել է մարտի 17-ին, սակայն մինչև մարտի 22-ը որևէ գործողություն չի կատարվել, դա ինչո՞վ է պայմանավորված, փաստաբանը պատասխանեց.

«Մարտի 17-ին Երևան քաղաքում հերթապահ դատավոր էին Ավանի նստավայրի դատավորները, իսկ նրանք օբյեկտիվության շեմը պարտադիր ապահովում են: Մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ իրեն հարգող որևէ դատավոր իրեն թույլ չէր տա նման մեղադրանքի պարագայում խափանման միջոց կիրառել: Վարույթն իրականացնող մարմինը, դա շատ լավ գիտակցելով, սպասել էր 6 օր, փոխվել է հերթապահության ժամանակահատվածը, հերթապահ դատավորներ են դարձել Շենգավիթի նստավայրի դատավորները, և էլ կաշկանդված չեն եղել դատավոր ընտրել, և ամսի 23-ին անմիջապես կալանավորելու միջնորդությունը մուտքագրվել է դատարան, ինչը դատարանի նախագահի կողմից առձեռն մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին»,-ասաց նա՝ նշելով, թե այդ դատավորը հայտնի է ցանկացած իշխանության ժամանակ այդ իշխանությանը հաճո որոշումներ կայացնելով:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Միքայել Մինասյանի դեմ ցուցմունք չկա, և նա այս պահին Հայաստանում չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում