Դաունի համախտանիշով երեխայի մորը «Իմ քայլը» հիմնադրամից ասել են՝ մենք երաժիշտ երեխաներին ենք օգնում (տեսանյութ)

Դաունի համախտանիշով երեխայի մորը «Իմ քայլը» հիմնադրամից ասել են՝ մենք երաժիշտ երեխաներին ենք օգնում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Tert.am20-ամյա Արմենուհի Ավետիսյանի սիրելի զբաղմունքներից մեկը նկարելն է: Բոլոր նկարներում էլ անպայման կան ծաղիկներ ու արև: Երբ այս զբաղմունքից էլ է հոգնում, օգնության է հասնում հեռուստացույցը, բայց օրեր առաջ կացարանը մի քանի ժամով հոսանքազրկվեց:

«Մենք հարևաններով կանգնեցինք էլեկտրիիկին խնդրեցինք, որ չանջատի հոսանքը, սիրուն չի լինի մենք լույս ունենանք, սնունդ ունենանք, ինքը նայի բոլորիս ձեռքին»,- ասաց հարեևաններից մեկը:

Մայր ու աղջիկ ապրում են ավտոտնակում, իրենց հիմնական տունը, որն այս հարակից շինությունն է, 4-րդ կարգի վթարային է: Ընտանիքի հոր մահից հետո դատական կարգով անգործունակ ճանաչված Արմենուհին է ժառանգել տունը, ով Դաունի համախտանիշ ունի: Մայրը՝ Գայանեն, ամեն անգամ վախը սրտում է մտնում այստեղ՝ հուսալով, որ տունը չի փլուզվի, երբ ինքը ներսում է: Իսկ ավտոտնակում կացության պայմաններ չկան, բայց հուսադրում է իրեն՝ ինչ արած, դրսում մնալուց լավ է: Բազմաթիվ պետական դռներ են թակել, պատասխանը մեկն է՝ ձեր սեփականությունն է, դուք էլ նորոգեք:

«Ասեք խնդրեմ, մեր սեփականությունն է, ստանում ենք 18 հազար նպաստ և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակ, մեր ապրուստի ամբողջ միջոցը դա է, իսկ մեր երկրում յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա կտրվածքով 68 հազար դրամ է անհրաժեշտ»,- ասաց Արմենուհու մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Կառավարության աջակցության 16 ծրագրերից և ոչ մեկը չի վերաբերում հաշմանդամություն ունեցողներին: Նեղսրտում է, որ չի կարող աշխատել, քանի որ երեխան մշտական խնամքի կարիք ունի: Ստացած նպաստով ու թոշակով էլ ապրում են, մի քիչ սնունդ գնում ու էլեկտրաէներգիայի գումարը վճարում:

«Զանգել եմ «Իմ քայլը» հիմնադրամ, թե՛ նախկինում, թե՛ կորոնավիրուսի ժամանակ, նախկինում տան համար պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել, մենք երաժիշտ երեխաներին ենք օգնում, կորոնավիրուսի ժամանակ նույնպես փորձել եմ նորից ստացել եմ պատասխան՝ տիկին դուք մեր շահառուն չեք, մենք ձեր հետ գործ չունենք»,-պատմեց Գայանե Հակոբյանը:

Նա պարետատուն էլ է զանգել, ասում է՝ դժվարությամբ է կապ հաստատում, եթե բախտն էլ բերում է, պատասխանում են, շատ կոպիտ են խոսում, վերջում՝ այլ համար տալիս: Քաղաքապետարանում ու թաղապետարանում նրանց խնդրին քաջատեղյակ են, սակայն ոչ մի փոփոխություն: Պետությունից բնակարան ստանալու համար արդեն 17 տարի է՝ հերթագրված են:

«Եթե հոսանքի խնդիր մեր պետութությունը չի կարողանում լուծել ու այդքան նվաստ բյուջե ունենք, ապա տան համար չգիտեմ՝ խոսե՞մ թե չէ, բայց, որ մի գեղեցիկ օր սա փուլ է գալու մեր գլխին, դա միանշանակ»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Սրտացավ հարևանների հարցում Գայանեի բախտը բերել է: Գազի բալոնն են լիցքավորել, որ ճաշ տրաստի, եթե հանկարծ հոսանքազրկեն, իսկ ինչ էլ եփում են, առաջինն Արմենուհու բաժինն են տանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում