Պայքա՞ր, թե աշխատանք….

Պայքա՞ր, թե աշխատանք….

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Times.amՀետխորհրդային շատ երկրներում մայիսի 1-ը նշվում է՝ որպես աշխատավորների տոն։ Այդ օրը քննարկումներ են ծավալվում աշխատանքային իրավունքի, աշխատավորների խնդիրների մասին, գովերգվում է աշխատանքն ու աշխատավորը։

Կթվա՝ մեր իրականության մեջ նվիրյալ աշխատողների պակաս չկա. չէ՞ որ հնուց ընդունված է, որ մենք «քարից հաց քամող» ազգ ենք։ Բայց իրականությունը, կարծես, այլ տեսք ունի։

Յուրաքանչյուրս կարող է մտաբերել տարբեր ոլորտներ, որոնց հետ առնչվել է ու եզրակացնել՝ քանի տոկոսի դեպքում է հանդիպել նվիրյալ աշխատողների կամ գոնե պարտաճանաչ իրենց աշխատանքը կատարողների։ Այս փոքրիկ մտավարժանքը հասկանալի կդարձնի սույն ակնարկի էությունը։ Կարելի է անդրադառնալ ավելի ծանր դեպքերի. մեզանում, անշուշտ, կգտնվեն նաև գործատուներ, ովքեր թափուր հաստիքների համար հայտարարություն տված ու հարցազրույցներ կազմակերպած կլինեն։ Նրանք ևս կհաստատեք, որ մեր աշխատասեր լինելու մասին ընդունված պնդումները մի փոքր չափազանցված են՝ հաշվի առնելով աշխատանք փնտրողների անհամաչափ պահանջները, շատերի իրական ունակությունների ու ինքնակենսագրականում նկարագրված պատմությունների անհամապատասխանությունը և նմանատիպ բազմաթիվ երևույթներ։

Սակայն իհարկե, այս ամենի հետ մեկտեղ՝ մեր հասարակության մի ստվար հատված օրնիբուն, պարտաճանաչ աշխատում է՝ իր գործին սիրահարված։ Ու հենց այս մարդիկ են իրենց ուսերի վրա տանում մեր պետությունը՝ նպաստելով իրենց ոլորտների զարգացմանը, հարկեր վճարելով պետությանը ու ապահովելով իրենց ընտանիքները։

Վերոնշյալ բացասական երևույթները ունեն նաև քաղաքակրթական և դաստիարակչական պատճառներ։ Սրանք հետևանքն են նրա, որ մեզ խաբել են՝ ասելով, որ լավ երկիր ունենալու համար երկրի ներսում «պայքարել» է պետք՝ դրանով իսկ նվազեցնելով անհատի՝ իր կատարած աշխատանքի կարևորության ու յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվության ընկալումը՝ մեր երկիրը, պետությունը և միջավայրը մեր կատարած աշխատանքով ավելի լավը դարձնելու հարցում։ Վաղուց ժամանակն է հասկանալ, որ ապահով ու զարգացած պետություն ունենալու համար պետք է աշխատել. շա՜տ աշխատել։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում