Կտրականապես ժխտել ենք բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը. Զոհրաբ Մնացականյան

Կտրականապես ժխտել ենք բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Մենք միշտ խոսել ենք, որ Արցախյան հարցը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա: Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ մի քայլ կատարի, որը ենթադրում է զիջում և վնասում է մեր անվտանգությանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն, ինչ ասում ենք, ավելի քան հստակ է և ուղղորդում է մեր ներգրավումը բանակցային գործընթացում: Այն, ինչ արտահայտվել է Բրատիսլավայում, սկզբունքորեն կրկնվել է ամսի 21-ին Երևանում, երբ ես մեկնաբանում էի դրանից մի քանի ժամ առաջ արված մեկնաբանությունը:

Դրանից հետո եղել են ՀՀ և ՌԴ խոսնակների մակարդակով մեկնաբանություններ և ես կարծում եմ՝ այդ առումով բան չունենք խոսելու: Կարիք չկա սկսել փորփրել: Մենք կտրականապես ժխտել ենք բանակցային գործընթացում սպառնալիքի գործոնը: Ընդունված է բանակցային լեզուն», – ասաց բանախոսը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը բերված է առաջ՝ որպես կարևորագույն խնդիր:

«Մեր դիրքերն ամուր են, ես ինձ շատ հանգիստ, շատ ամուր եմ զգում: Կա կոնսենսուս և ներքին ուժ: Կառավարության մանդատը բխում է ժողովրդի մանդատից: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ Ադրբեջանի դիրքորոշումներն ընդունելի են բոլորի համար, խորապես սխալվում է: Գործընացն իրապես բարդ է», – ասաց ԱԳ նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում