Ձերբակալություններ՝ Ադրբեջանում

Ձերբակալություններ՝ Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները մայիսի 5-ին երկրի Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության շենքում հատուկ գործողություն են իրականացրել, որի շրջանակում ձերբակալվել է շրջանի ղեկավար Վիլյամ Հաջըևը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Աշխատակիցները խուզարկություն են իրականացրել շրջանի ղեկավարի աշխատասենյակում:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավարից բացի ավելի ուշ ձերբակալվել են նաև նրա բոլոր տեղակալները, սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության և կանխատեսման վարչության պետը, ղեկավարի օգնականը, իրավաբանական բաժանմունքի պետը, ֆինանսական բաժնի պետը և մի շարք այլ վարչությունների ղեկավարներ: Ընթանում է ձերբակալվածների հարցաքննությունը:

Իրավապահները վկայություններ են վերցնում ձերբակալված պաշտոնյաների անօրինական գործողություններից տուժած անձանցից:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ երկրի ևս 6 շրջանների գործադիր իշխանությունների պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Հարուցված քրեական գործերի պատճառը կարանտինային ռեժիմի կանոնների խախտումն է և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին սննդի օգնության բաշխման շրջանակում թույլ տրված անօրինականությունները:

Քրեական գործեր են հարուցվել Լենքորանի, Եվլախի, Սաաթլըի, Սալյանի, Դաշքեսանի և Հաջիկաբուլի գործադիր իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում