Մինչև համավարակն էլ ակնհայտ էր, որ իշխանության համար հանրաքվեի դրական արդյունք ապահովելը խնդիր է. Իշխան Սաղաթելյան

Մինչև համավարակն էլ ակնհայտ էր, որ իշխանության համար հանրաքվեի դրական արդյունք ապահովելը խնդիր է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի հանձնաժողով դիմելու հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

– Պարո՛ն Սաղաթելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, և քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կամ ամբողջական լուծել ՍԴ հարցը խորհրդարանում:

– Սա ենթադրում է, որ իշխանությունը չի հրաժարվել Սահմանադրական դատարանը նվաճելու իր մտադրությունից և փնտրում է ելքեր՝ իր նպատակին հասնելու համար: Ինչպես բազմիցս ենք համոզվել, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինությունների:

– Կարծիք կա՝ վարչապետը հանրաքվե չի ցանկանում անցկացնել, քանի որ չի կարող անհրաժեշտ թվով կողմ ձայն հավաքել հանրաքվեին և այդ պատճառով է գնացել արտակարգ դրության երկրացմանը: Հավանական համարո՞ւմ եք այս տարբերակը:

– Ակնհայտ էր, որ մինչև համավարակն էլ հանրաքվեի՝ իրենց համար դրական արդյուքն ապահովելը արդեն իսկ խնդիր էր: Իսկ հիմա, երբ ևս մեկ անգամ փաստվեց, որ իշխանությունները հատկապես հակաճգնաժամային իրավիճակում կառավարման ընդունակ չեն, և գնալով հասունանում են հասարակական դժգոհությունները, այս իրավիճակում իշխանությունը, բնականաբար, խուսափելու է հանրաքվեից և փորձելու է գտնել այլ միջոցներ: Իշխանության հիմնական նպատակն է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան, և ամեն ինչ անում են՝ այդ նպատակին հասնելու համար:

– Իշխող ուժը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենտիկի հանձնաժողով, հիմա ինչը փոխվե՞ց ըստ Ձեզ, արդյո՞ք այն, որ պատասխանատվությունը հանրաքվեով ընկնում էր ժողովրդի վրա, իսկ հիմա մեկ այլ մարմին է պետք՝ իրենց ապահովագրելու համար:

Քանի որ իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն գտնելը շատ դժվար է, ես հիմա չեմ փորձում այդ տրամաբանությունը գտնել: Այո, սկզբում խորհրդարանի միջոցով էին ցանկանում հարցը լուծել, հետո որոշեցին հանրաքվե անել, հետո ասում էին՝ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու 3-4 տարի հետո, հիմա ասում են՝ մյուս տարի տեղի կունենան: Այսինքն՝ ակնհայտ է, որ հերթական անգամ չեն կողմնորոշվում, որովհետև իրական դատական համակարգի և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիր իրենց առջև դրված չէ. իրենք ունեն մեկ հիմնական նպատակ՝ ուժեղացնել իրենց իշխանությունը, և բոլոր գործողությունները տեղավորվում են այս հիմնական նպատակից ելնելով: Հետևաբար, անընդհատ ու նաև հաշվի առնելով իրենց մտավոր, մանսագիտական և այլ կարողությունները, նաև իրավիճակից հախուռն բխող գործողությունները, հաճախ չեն կողմնորոշվում իրենց գործողությունների մեջ, դրա համար շատ դժվար է տրամաբանություն գտնել և մեկնաբանել իրենց քայլերի հերթականությունը:

Բացի այդ, ես չեմ կարծում որ Վենետիկի հանձնաժողովը կմիանա իշխանությունների ապօրինությունների պատասխանատվությանը, և ես չեմ կարծում, որ իրենք կարող են այս ապօրինությունը, որ ցանկանում են թույլ տալ, ինչ-որ մեկի վրա գցել, որովհետև այս բոլոր գործողությունների պատասխանատուն իրենք են:

– Վարչապետը հայտարարել է, որ քննարկվում է նաև Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու և Գերագույն դատարան ունենալու հարցը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են են մի շարք գործողություններ՝ սկսած նախաքննական, հետաքննական մարմիններից մինչև դատական բոլոր տեղերում պետք է փոփոխություն արվի, սակայն այս ամենը չկա և միանգամից խոսվում է Գերագույն դատարան ստեղծելու հարցը, սա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ:

– Ես հենց սա էի ասում՝ տեսնելով իշխանության վերջին երկու տարվա գործողությունները, կարող ենք փաստել, որ իրենք համակարգային, արմատական և որևէ լուրջ բարեփոխում իրականացնելու պատրաստ չեն, տարրական հարցեր չկարողնաալով լուծել՝ գնալ նման գլոբալ փոփոխության, դրան ես չեմ հավատում և չհավատալու ամբողջ հիմքերն ունեմ: Իրենք պետք է այստեղ անկեղծ լինեն և ասեն, որ իրենց պետք է ընդամենը մեկ բան՝ սեփական խամաճիկ, իրենց որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, և դրան հասնելու համար ինչ անուն ասես՝ կհորինեն, ինչ նպատակ ասես՝ կդնեն դրա տակ, իրենց ուզածին հասնելու համար: Իրենց խորքային նպատակը իսկական իրավական արդյունավետ դատական համակարգ ունենալը չէ, իրական նպատակը սեփական դատական համակարգ ունենալն է, և դրա անունը կդնեն Գերագույն դատարան կամ մեկ այլ բան, սա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունը ապօրինի, հակասահմանադրական քայլերի միջոցով ամբողջ դատական, իրավական համակարգը ձևախեղի, աղավաղի՝ հանուն իր իշխանության ամրապնդման: Իսկ թե ինչպես պետք է թույլ չտալ, դրա համար կան գործիքակազմեր, կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, անհատներ, գործիչներ և վերջապես ամենակարևորը՝ ժողովուրդ, որն արդեն շատ պարզ գնահատում է իրավիճակը և հասկանում է իշխանության գործողությունների իրական նպատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում