Արցախի խորհրդարանում ձևավորվեցին 7 մշտական հանձնաժողովները

Արցախի խորհրդարանում ձևավորվեցին 7 մշտական հանձնաժողովները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանը կունենա 7 մշտական հանձնաժողով։ Այսօր նոր ձևավորված ԱԺ-ի անդրանիկ նիստի ընթացքում խորհրդարան անցած հինգ քաղաքական ուժերը փակ քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահին և հանձնաժողովների ղեկավարներին։

Այսպես, Արցախի խորհրդարանում կգործեն արտաքին հարաբերությունների, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական և առողջապահության հարցերի, ինչպես նաև ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Վլադիմիր Կասյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ևս խորհրդարանական մեծամասնություն ունեցող Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից է։ Պատգամավոր Արամ Հարությունյանը վստահեցրեց, որ առաջնահերթ է համարում ներառական կրթության համակարգի բարելավումը, քանի որ այդ ոլորտում կան խնդիրներ:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։

Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արամ Գրիգորյանը:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Ձևավորված հանձնաժողովների նախագահները վստահեցրին, որ իրենց բոլոր քայլերը միտված են լինելու Արցախի զարգացման ու պետությունում ժողովրդավարության հաստատմանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում