Մաշտոցի պուրակին կից բարձրահարկի շինթույլտվությունը տրվել է Երևանին տրակտոր նվիրած կազմակերպությանը

Մաշտոցի պուրակին կից բարձրահարկի շինթույլտվությունը տրվել է Երևանին տրակտոր նվիրած կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.amՔաղաքապետարանի ստացած բոլոր նվերներն ու նվիրատվությունները հարապարակվել են. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Դավիթ Խաժակյանի գրառմանը, որ Մաշտոցի պուրակին կից հերթական բարձրահարկի շինթույլտվություն է համաձայնեցվել, և, իհարկե, չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը կառուցապատողից հերթական «նվերն» է ստացել:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը շինթույլտվություններ չի տալիս նվերի դիմաց: «Շինարարության թույլտվություն տրվում է համայնքի լիազորությունների շրջանակներում: 2007թ. հաստատված գոտիավորման պլանի համաձայն այդ վայրում նախատեսված է այդ ծավալի շենք: Այս կազմակերպությունը նախկինում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից առաջ, ունեցել է այդ տեղում շինարարության և՛ թույլտվություն, և՛ նախագծում: Քաղաքի գոտիավորման պլանը, որը քաղաքի զարգացման տեսլականն է, քաղաքի ինչպես լինելու մասին փաստաթուղթ է, այդտեղ նախատեսում է այդ ծավալի շինթույլտվություն: Այդտեղ որևէ նորմ չի խախտվել և առավել ևս չի խախտվել որևէ սկզբունք, որը վերաբերում է Երևան քաղաքում կառուցապատման մասին գործող իշխանության պատկերացումներին»,- ասաց նա

Հարցին՝ փաստորեն նախկին թույլտվությունը վերաթույլատվրե՞լ է, նա արձագանքեց. «Այո, որովհետև չթույլատրելու պատճառ չկար: Դա չի նշանակում, թե ինչ եղել է թույալատրվում է: Նախկինում եղել են շինութույլտվություններ, որոնք ապամոնտաժվել են, եղել են շինթույլտվություններ, որոնք չեղարկվել են և այլն»:

Նշենք, որ Մաշտոցի պուրակին կից շինարարության թույլտվություն քաղաքապետի կողմից տրվել է «Ա.Մ. Աբրամ քոնսթրաքշն» ՍՊԸ-ին: Այս ՍՊԸ-ն ձմռանը Երևան քաղաքին նվիրել է «Բելառուս 622» տրակտոր :

2019թ. դեկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել էր Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին: Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրել է մի շարք անհատների և կազմակերպությունների, այդ թվում «Ա.Մ. Աբրամ քոնսթրաքշն» ՍՊԸ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում