Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: 

Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի հիմքում ընկած է, նախ, կարևորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է, յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական և այլն։ Երկրորդ քայլով պետք է ձևավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը և ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ և առաջ երկրի ներսում համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում, նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի և կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, և հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա և պառակտում, չի լսում որևէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները և մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, և վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարևոր բան. այս նոր համապետական բանտում կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, և առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի և պսևդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները և կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։ Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է, ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, և հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետևյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային և ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ), հեղինակություն (հեղինակություններ) և ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներևակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը և խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձևավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, և դրա վրա պետք չէ սևեռվել։ Կարևորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի և հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձևավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ նաև Telegram-ում