«Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է». Վրաստանի վարչապետ

«Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է». Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ համակարգող խորհուրդը ստեղծվել է այս տարվա հունվարի 28-ին, երբ Վրաստանում դեռևս չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք:

«Երկրում վարակման դեպք գրանցվել է միայն դրանից մեկ ամիս հետո: Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում` չեղարկելով արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ո՛չ Վրաստանում, ո՛չ աշխարհում»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման:

«Մենք միշտ ասել ենք, որ այս իրավիճակում մենք աշխատում ենք երկու ուղղությամբ: Իհարկե, առաջնայինը մնում է մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո` մեր տնտեսության վերականգնումը, որի ուղղությամբ այսօր մենք կատարում ենք առաջին քայլը»,- եզրափակել է իր խոսքը վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 և մահվան 12 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում