Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ եթե Վրաստանից Հայաստան եկած մարդու մոտ կորոնավիրուս հաստատված լիներ, ինչպես հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապա Հայաստանը դրա մասին պիտի տեղեկացներ Վրաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որովհետև Հայաստանն ու Վրաստանը այդ կազմակերպության անդամ են, տեղեկացնում է վրացական Ambebi.ge կայքը:

«Տեսել եմ, թե ինչպես է մի քանի աղբյուրներից այդ տեղեկատվությունը տարածվում։ Դեռևս հաստատված չէ, արդյո՞ք նման հայտարարություն իրոք արվել է թե ոչ … Ես իրոք կզարմանամ, եթե նման հայտարարություն արված լինի։ Մենք շատ մոտ ժողովուրդներ ենք, հարևաններ, երկար պատմություն ենք անցել միասին։ Եվ մի փոքր անհարմար եմ զգում ասել, բայց դա ոչ դիվանագիտական հայտարարություն է, որովհետև եթե վարորդ կամ ցանկացած մարդ գալիս է վարակված, պետք է տեղյակ պահել Վրաստանին, ԱՀԿ-ին, քանի որ մենք ստորագրել ենք ԱՀԿ-ի միջազգային կանոնների տակ»,- ասել է նա։

Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ տարբեր երկրներից վարակված քաղաքացիներ են մուտք գործել Վրաստան, ինչի մասին անմիջապես տեղեկացվել են, թե´ այդ երկրները, թե´ ԱՀԿ-ն:

«Մեզ մոտ էլ տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներ են վարակված եղել, և մենք միանգամից տեղեկացրել ենք այդ մասին։ Այնպես որ, եթե նման դեպքեր եղել են, պարոն Արսենը դրանց մասին պարտավոր էր մեզ տեղյակ պահել»,- նշել է նա:

Խոսելով Վրաստանի կորոնավիրուսային վիճակագրության մասին, որի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածներ էր հայտնել՝ Գամկրելիձեն հայտարարել է, որ չգիտի, թե ինչ վիճակագրության վրա է հիմնվում Արսեն Թորոսյանը։

«Նա կարող է տեսնել մեր հրապարակած տվյալները, որոնք հրապարակվում են նաև անգլերենով, այդ թվում` մեր կայքում, իսկ վիճակագրական տվյալները ցույց են տալիս թոքաբորբի գրանցման դեպքերի դինամիկան, այնտեղ նա կարող է տեսնել՝ կա՞ թոքաբորբի դեպքերի աճ 2018-2019 թվականների համեմատ, թե՞ ոչ»,- ասել է Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանում թոքաբորբով հիվանդ բոլոր մարդիկ կորոնավիրուսի թեստավորում են անցնում։ Գամկրելիձեն Արսեն Թորոսյանին պատասխանել է նաև թեստավորման վերաբերյալ կասկածների մասով։ Գամկրելիձեի խոսքով՝ վիճակագրության մեջ ներկայացված են միայն PCR (Polymerase chain reaction) տարբերակով արված թեստերը, իսկ կլինիկաներում անցկացվող էքսպրես-թեստերը ներկայացված չեն վիճակագրությամբ։ «Ես զարմացած եմ»,- ասել է Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում: «Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում