Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ

Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ»,- ասվում է Քաջարան համայնքի ղեկավարի ուղերձում, որը գրված է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի՚ համաքաղաքացիներ, արժանապատի՛վ սյունեցիներ, որպես Քաջարան համայնքի իրապես ընտրված, լեգիտիմ ղեկավար, իմ բարոյական պարտքն ու լիազորությունն եմ համարում դիմել ձեզ. Նախ՝ բոլորդ իրավունք ունեք իմանալ վերջին օրերի տխրահռչակ իրականության դեպքերի մանրամասներն ինձնից, և որ ամենակարևորն է՝ ես ի զորու եմ տեր կանգնել իմ և իմ համայնքի ցանկացած բնակչի իրավունքին և արժանապատվությանը:

Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում բնականաբար որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ: Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել:

Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը:

Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։ Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում, և սա հղի է ծանր հետևանքներով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում