«Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան

«Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «ԱԺ-ում կատարվածը զարհուրելի տեսարան էր»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով հայտնի ծեծկռտուքից հետո իրենց հետագա քայլերին։

Նրա խոսքով, ցավալի է, որ հանրությունը ականատես եղավ ներկայացուցչական մարմնում բռնության կիրառմանը միայն այն պատճառով, որ որևէ մեկը համարձակվել է չհամաձայնել և հայտնել այլ տեսակետ։

«Ես շատ եմ ուզում, որ մենք մի կարևոր արձանագրում անենք՝ «Լուսավոր Հայաստան»-ն ունի առաքելություն՝ պաշտպանելու չհամաձայնողների, այլ տեսակետ ունեցողների շահերը։ Ի՞նչն է պետության հզորությունը, եթե ոչ այլակարծությունը, բազմակարծությունը, տարբեր տեսակետների հանրագումարից լավագույն որոշման ընդունումը։ Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, ապա պետությունը դատապարտված է ձախողման։ Մենք մեր պետության ձախողումը թույլ չենք տալու, անգամ եթե դա լինի մեր սեփական վարկանիշի հաշվին։ Ակնհայտորեն նմանատիպ միջադեպերը ազդում են բոլոր կողմերի վրա»,- նշեց պատգամավորը։

Ըստ Մանե Թանդիլյանի, իրենցթմտածում էին, թե հեղափոխությունից հետո ՀՀ-ում ժողովրդավարությունը և ազատ խոսքը նահանջ չեն ապրելու, բայց յուրաքանչյուր կաշկանդված խոսք հենց այն վտանգն է, որը չպետք է տեղ ունենա ազատ և ժողովրդավար հասարակության մեջ։

«Ես համոզված եմ, որ մենք այդ ծանր գործը պատվով ենք անելու, քանի որ դա բխում է մեր պետության ուժեղացման և հզորացման շահերից։ Սա է այն համատեքստը, որով մեր խմբակցությունը եկել է որոշման, որ մենք բավարարված չլինելով իշխող ուժի քաղաքական, ինչպես նաև իրավական գնահատականից, պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բովանդակային և հասցեական նախագծերով»,- շեշտեց Մ. Թանդիլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում