ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել

ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երկրի բնակիչներին կոչ է արել չշտապել արտասահմանյան ուղևորություններ պլանավորելու հարցում և հանգիստը երկրի ներսում կազմակերպել, գրում է kommersant.ru կայքը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ շատ երկրների համար զբոսաշրջությունից գոյացած եկամուտները տնտեսության զգալի մասն են կազմում, ուստի այդ պետությունները սկսել են թուլացնել սահմանափակումները և բացել հանգստյան գոտիները։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս միջազգային ճամփորդությունների համար սահմանափակումներից հրաժարվելու ցուցումներ չի տվել։

«Տարբեր երկրներում համաճարակաբանական իրավիճակը տարբեր է, և հանգստացողների համար կորոնավիրուսից պաշտպանություն որևէ մեկը չի կարող երաշխավորել։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ չշտապել։ Այո՛, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում որոշակի հաջողություններ արձանագրվել են, սակայն հիշում ենք, որ վարակն արտասահմանից է բերվել երկիր, այդ պատճառով էլ նպատակահարմար ենք համարում հրաժարվել արտասահմանյան զբոսաշրջային ուղևորություններից»,- հայտարարել է Միշուստինը:

Վարչապետը նաև քաղաքացիներին խորհուրդ է տվել երկրի ներսում հանգիստը կազմակերպել․ «Հունիսի 1-ից շատ շրջաններում բժշկական արտոնագրեր ունեցող շատ հանգստյան վայրեր կվերսկսեն իրենց աշխատանքը։ Հաջորդ փուլում՝ առավել բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում, հնարավոր կլինի խոսել նաև ամբողջ ծավալով հանգստավայրերի վերաբացման մասին»։

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել է մարտի 27-ին՝ թողնելով միայն չարթերային թռիչքներն իրենց համերկրացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Մարտի 30-ից ռուսական իշխանություններն ամբողջովին փակել են երկրի սահմանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում