Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը

Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, ժողովրդի ներուժը ջլատող մոտեցումներից և համախմբվի.Արամ Ա-ի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.amՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա․ կաթողիկոսը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ պատգամ է հղել։

Նա հիշեցրել է, որ 1918 թվականի մայիսի 28-ը դարեր շարունակ ստրկության ու հալածանքի ճիրաններում տվայտվող մեր ժողովուրդը հռչակեց ազատ, անկախ Հայաստանը, ինչը տնտեսական խնդիրների, տարածված համաճարակի և թշնամիներով շրջափակված լինելու պայմաններում հրաշքի էր հավասար:

«Հրաշքի համազոր երեւույթ էր անկախության, հայրենիքի ազատության վերահաստատումը թեկուզ պատմական Հայաստանի մի կտոր հողի վրա։

Ազգերի պատմության մեջ այնտեղ, որտեղ ամուր հավատք ու կամք կա, ներքին միասնականություն կա, հայրենիքի համար կռվելու ու նույնիսկ արյուն թափելու սրբազան նախանձախնդրություն կա, այնտեղ կա նաեւ հրաշք։ Այսպես եղավ Հայաստանի Հանրապետության կերտումը մի խումբ հերոսների կողմից»,- նշել է կաթողիկոսը:

Արամ Ա-ն հիշեցրել է՝ աշխարհաքաղաքական պայմանները դառն էին մեր ժողովրդի համար, ինչն էլ պատճառ դարձավ, որ առաջին հանրապետության կյանքը երկար չտևեց, սակայն անկախության ոգին վառ մնաց նաև սերունդների կյանքում:

«Պատմությունը անցած իրականությունների ամբողջություն չէ, պատմությունը շարունակվող ընթացք է, վայ մեզ, եթե պատմական իրողությունները փոշիների տակ պահենք։ Պատմությունը մեզ ասելիք ունի։ Հարյուր տարիներ առաջ Հայաստանի առաջին անկախությունը կերտած մեր հերոսները այսօր եւս մեզ հիշեցումներ ունեն կատարելիք։ Եթե ականջ ունենք լսելու, եթե հավատք, կամք ու հանձնառություն ունենք այդ հիշեցումները կյանքի վերածելու»,-ասել է վեհափառը։

Որպես առաջին հիշեցում՝ նա ընդգծել է Հայաստանի հզորացման, անվտանգության ամրացման անհրաժեշտությունը:

Վերափառը կարևորել է նաև Արցախի անկախության ամուր պահպանումը, բանակի առավել կազմակերպումը, նշել է, որ Արցախի հայության՝ իր սրբազան հողին ամուր կապվածությունը, յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության համար պետք է դառնա ամենօրյա տագնապ։

«Չմոռանանք, որ Արցախի հզորացումը, Արցախ անվտանգության պահպանումը Հայաստանի հզորացումն է։ Հայաստանին եւ Արցախին հզորացումը մեր ազգային պահանջատիրության ամուր հիմքն է»,-ասել է նա։

Որպես երրորդ հիշեցում՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսը կոչ է արել զգույշ նայել պատմությանը, տեսնել, թե ինչ էին Հայաստանի պայմանները 1918-ին և համեմատենք այն Հայաստանի ներկայի հետ:

«Մի՞թե նույնը չէ կացությունը առավել կամ նվազ չափով: Հայաստանի պահպանումը մեր ժողովրդի համար գերագույն սրբություն պետք է դառնա, հայրենի մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածություն սրող, մեր ժողովրդի ներքին ուժը ջլատող ամեն տեսակ մոտեցումներից։ Պետք է համախմբենք մեր ժողովրդի, համայն հայության ներուժը, որպեսզի միասնաբար, հաղթելով մեր ունեցած տարբեր տեսակետները, միասնաբար Հայաստանի, Արցախի, հայության մեր դատի շահերը նկատելով մեր ժողովրդի անխախտ առաջնահերթությունները»,-ասել է Արամ Ա-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում