Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am«ՄԻԵԴ հրապարակած խորհրդատվական կարծիքին ծանոթանալուց առաջին իսկ տպավորությունն այն է, որ նախկինում հայտնած մեր բազմաթիվ դիրքորոշումներ, պնդումներ տեղ են գտել խորհրդատվական կարծիքում»,- բացօթյա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նկատեց՝ որոշակի տպավորություն է առաջացել, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի առաջին և երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել։

«Նման ձևակերպումներից պետք է զերծ մնալ, քանի որ առաջին և երկրորդ հարցերը վերաբերում են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է 3-րդ կետում՝ եզրափակիչ մասում, այսինքն, այդ հարցերն անպատասխան չեն մնացել»,- նշեց փաստաբանը։

Վարդևանյանն անդրադարձավ նաև «բլանկետային նորմ» ձևակերպմանը, որը տեղ է գտել խորհրդատվական կարծիքում։

«Բլանկետային նորմը, այն ցանկացած նորմն է, որ Քրեական օրենսգրքում չէ, այլ՝ մեկ այլ փաստաթղթի մեջ է։ Օրինակ, բլանկետային նորմ է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հիմնական նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ։ Հիմա ի՞նչ է ասել ՄԻԵԴ-ը։ Եվրոպական դատարանը շատ հստակ ասել է, ինչպես նախկինում մենք շատ անգամ նշել ենք, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի ու իրավաչափ լինել, եթե այն բավարար հստակ է ու կանխատեսելի»,-մանրամասնեց Վարդևանյանը՝ նշելով, որ 300.1 հոդվածի պարագայում հստակության ու կանխատեսելիության պահանջներ չկան։

ՄԻԵԴ-ը, ըստ նրա, ևս մի կարևոր անդրադարձ է արել, նշելով, որ արարքի շրջանակը պետք է լինի հստակ։

«300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում, սա կարելի է ասել, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը մեր կողմից օգտագործվելու է։ Հետևաբար, այս պարագայում, երբ խոսում ենք նորմի հստակության ու կանխատեսելիության պահանջներից, պետք է նշել, որ 300.1 հոդվածը նաև դրանց չի բավարարում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի ՝ 300.1 հոդվածի վերաբերյալ փոփոխությունների հետադարձ ուժին, ապա, ըստ փաստաբանի, եթե ՄԻԵԴ-ն այդտեղ խնդիր չտեսներ, ապա պարզապես կնշեր՝ այստեղ խնդիր չկա։

«Եվրոպական դատարանն իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի։ Եթե ՄԻԵԴ-ը մի հարց վերլուծում է նման ծավալուն փաստաթղթով, ապա նշանակում է՝ կա խնդիր։ Եթե խնդիր առհասարակ չլիներ, ապա այն վարույթ չէր ընդունի։ Իսկ այսօր ունենք բավականին օգտակար մի որոշում, որը հետադարձ ուժի մասով շատ կոնկրետ նշվել է, խստացնող արարքը չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Նաև նշել է կանոնը, թե որ դեպքում հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե՞ ոչ, այսինքն, քրեական հետապնդումը պե՞տք է դադարեցվի, թե՞ ոչ։ Այս առումով ասված է՝ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային։ Սա բառացի տեղ է գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում։ Այդ դեպքում մենք ունենք ներպետական պրակտիկա՝ յոթի գործ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում, որոնք պայմանավորված են հետադարձ ուժի հիմքով»,- բացատրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ու հիշեցրեց, որ Հայաստանի դատարաններն ու դատախազությունը գտել էին, որ 300.1 հոդվածն իրենից նոր հանցակազմ է ներկայացնում ու խստացնող է։

Վարդևանյանն ասաց, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում եղած ձևակերպումներն կօգտագործվեն ինչպես հասցեատեր հանդիսացող Սահմանադրական դատարանի, այնպես էլ իրենց՝ փաստաբանների կողմից։ Նրա կարծիքով, իրավունքի զարգացման առումով այս որոշումը շատ կարևոր է լինելու։

Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

ՍԴ որոշման մեջ ՄԻԵԴ-ին ուղղված չորս հարց կար.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական
դատարանին` առաջադրելով հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն,
հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի
իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝
օրինակ՝ 8.11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2) եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
3) կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության
ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին
հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը
բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության
պահանջները,
4) քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի
7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված
հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական
օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում