Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Regionmonitor.com«Israel Aerospace Industries» (IAI) պաշտպանական ընկերությունը հունիսի 2-ին հրապարակել է տեսանյութ, որը պատմում է նորագույն հականավային բալիստիկ հրթիռի մասին:

Նշվում է, որ այն կարող է թիրախները խոցել ինչպես մոտ, այնպես էլ հեռու տարածությունների վրա: Իսրայելական ռազմական կոնցերնի նոր արտադրանքը առանձնանում է թիրախները խոցելու գերբարձր ճշգրտությամբ։

Ընկերությունը փորձարկել է գերճշգրիտ հրթիռը, որը կարող է խոցել թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա: Հրթիռի ձևափոխված տարբերակը մարտավարական նպատակների համար խոցում է հակառակորդի թիրախները 90 կմ հեռավորության վրա:

Փորձարկված հրթիռը, regionmonitor-ի հաղորդմամբ, նախատեսված է «LORA» ցամաքային-ծովային դասի մարտական համալիրի համար։ Այն խոցում է թիրախներն առավելագույնը 0,9 մետր շեղումով: «LORA» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որի ստեղծողը IAI-ն է, 2000-ականների սկզբից գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի զինանոցում: 2018 թվականից հարվածային այս համակարգը մատակարարվել է Ադրբեջանին, որն այս զենքի առաջին և առայժմ միակ ներկրողն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում