Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը

Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԿառավարությունն այսօր հաստատեց նոր վարկային համաձայնագիր: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Մինչ նախագծի բովանդակությանն անցնելը, նախարարը ներկայացրեց, որ անցած տարեվերջի կանխատեսումներով՝ ավելի քան 172 երկրում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն՝ գնահատվում է, որ այդ երկրներում կլինի նույն չափի անկում, իսկ համաշխարհային տնտեսության համար մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել:

«Այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև բյուջետային ցուցանիշների վրա և Հայաստանը այդ առումով բացառություն չէ. ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ծախսերի՝ գրեթե նույն մակարդակը պահպանելու դեպքում դեֆիցիտի մեծացման: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դեֆիցիտի մեծացումն ինքնաբերաբար կհանգեցնի պարտքի աճի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը և նշեց, որ սա հետևանքները սրանով չեն սահմանափակվում:

Նախարարը նշեց, որ այս նախագծով Հայաստանը շարունակում է երկարատև համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Նա հիշեցրեց, որ 2019 թվականին ծրագիր են հավանության արժանացրել, որը գնահատվում է կանխարգելիչ և միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվեին դրանից:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ համավարակի ազդեցությունը հաշվի առնելով՝ ավարտել են բանակցությունների հերթական փուլը, վերանայվել է ծրագիրը և համաձայնություն է ձեռք բերվել ավելի շատ միջոցների վերաբերյալ՝ մոտ 315 միլիոն դոլարին համարժեք, որը բյուջետային աջակցության վարկ կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հայտնեց, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վերանայել են հակաճգնաժամային նպատակներով մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 միլիարդ դրամի վարկի գծով պարտավորությունները, 45 միլիարդ դրամի չափով, այսինքն՝ վարկային արձակուրդներ են տրամադրել և 17 400 իրավաբանական անձանց 640 միլիարդ դրամի վարկի գծով 57 միլիարդ դրամի պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ նախագիծը կներկայացվի Սահմանադրական դատարան, ապա Ազգային ժողովի վավերացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում