«Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»

«Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»

«Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։

Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։

Խնդիրն այն է, որ, ըստ պաշտոնական հայտարարությունների, վարակակիրների մոտ 75 տոկոսն ասիմպտոմ է, և այդ մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենք վարակակիր են։ Ուստի այս պահին համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ պայքարի ձևը կարող է լինել նոր և ավելի խիստ կարանտինային ռեժիմի հաստատումը, սակայն սրա շուրջ տարբեր տեսակետներ են հնչում։

Մասնագետների մի մասը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ դիմանալ նոր կարանտինային ռեժիմի հաստատմանը. այդ դեպքում մեր տնտեսական վնասներն ուղղակի անդառնալի կլինեն, որոնք վերականգնելու համար տարիներ են պահանջվելու։

Իսկ շրջանառվող մյուս տեսակետն այն է, որ կրկին սահմանափակումների խիստ ռեժիմին անցնելը լավագույն լուծումն է ստեղծված իրավիճակում, քանի որ որոշ ժամանակ անց սոցիալ-տնտեսական և առողջապահական առումով ավելի բարդ իրավիճակի առաջ ենք կանգնելու, քան սահմանափակումների կիրառման պարագայում։

Նոր պարետային ժամ մտցնելու դեպքում, ճիշտ է, հնարավոր կլինի նվազեցնել վարակակիրների թիվը, բայց այդ դեպքում կառավարության ուսերին միանգամից լրացուցիչ բեռ է ընկնելու հակաճգնաժամային նոր փաթեթներ գործարկել, որպեսզի անաշխատ մնացած և հնարավորություն չունեցող մարդիկ կարողանան իրենց պահանջները բավարարել։

Կարանտինային իրավիճակում հանրային դժգոհությունների որոշակի նվազում կարելի է սպասել, սակայն դրա ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կարող է սոցիալական բունտ հասունանալ, քանի որ երկրի տնտեսությունն ավելի ծանր վիճակում կհայտնվի։

Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին։

Սա արվում է նրա համար, որպեսզի ձախողումների ողջ պատասխանատվությունը չմնա միայն կառավարության վրա։

Փաշինյանն ուղղակի ցանկություն չունի ընդունել սեփական իշխանության թերացումները, ուստի դրա համար էլ հայտարարում է, որ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության։ Սակայն ժողովուրդը Փաշինյանին վստահության քվե չի տվել, որ վերջինս անգործության համար մեղադրի ժողովրդին, այլ որ արդարացնի հասարակության սպասումները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում