Երբ ընդդիմությունը ճիշտ է

Երբ ընդդիմությունը ճիշտ է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Առաջին նախագահ Լևոն Տեր—Պետրոսյանն իր հայտնի սիլլոգիզմի միջոցով բարձրացրեց մի խնդիր, որը նախքան իրեն այս կամ այն կերպ քննարկվում էր հանրային-քաղաքական դաշտում։ Ընդհանուր առմամբ, այն հանգում է հետևյալ հարցին․ արդյո՞ք համավարակի պայմաններում իշխանություններին դեմ գնալը արդարացված է և չի վնասում պետության կենսագործունեությանը։ Սա ենթադրում է, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ճգնաժամային իրավիճակում պետք է կերպափոխվեն և նոր որակներ ձեռք բերեն։ Ինչպես սպասելի էր, այս հարցը առավել շատ բարձրացնում են իշխանության ներկայացուցիչները՝ այդ կերպ փորձելով ընդիմության գործողությունները ներքաղաքական պայքարից տեղափոխել ազգայինի և բարոյականի դաշտ։

Ինչպես հայերիս, այնպես էլ այլ ժողովուրդների մոտ պատմական փորձը ձևավորել է որոշակի կարծրացած համուզմունքներ, որոնք, չնայած սերվում են անցյալից, իրենց արդիականությունը շարունակում են պահպանել նաև ներկայում։ Այսպիսիք են, օրինակ, արտաքին թշնամու դեմ միասնական լինելու, սեփական ուժերին ապավինելու կարևորությունը և այլն։ Այսօրինակ համոզմունք է պատերազմի կամ այլ սպառնալիքի ժամանակ սեփական երկրի իշխանությունների կողքին կանգնելը, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի։ Հայաստանի ոչ վաղ անցյալի ճգնաժամերի ժամանակ այդ բանաձևը մեծ հաշվով գործել է (երկրաշարժ, պատերազմ)։ Չնայած նրան, որ եղել են որոշ իրադարձություններ, որոնք post-factum կարող ենք որակել որպես իշխանության դեմ չարդարացված պայքար, սակայն, դա ողբերգական ազդեցություն չի ունեցել պետության կենսունակության համար։ Ըստ էության, այս համոզմունք-բանաձևի հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը․ երբ իշխանությունը իր ողջ ուժերը կենտրոնացնում է հրատապ խնդրի լուծման վրա, մյուս քաղաքական ուժերը պետք է ըմբռնումով մոտենան ներքաղաքական պայքարին և խուսափեն այն գործիքակազմից, որը բնորոշ է խաղաղ ժամանակներին։

Այսօրվա ներքաղաքական պայքարը ապալեգիտիմացնող դիսկուրսի արմատները գալիս են հենց վերոնշյալից։ Իշխանության ներկայացուցիչները համավարակի դեմ պայքարը հայտարարել են պատերազմ և առաջարկում են շարժվել հենց այդ կանոններով՝ լինել միասնական ընդդեմ նոր թշնամու։

Ինքնին այդ պահանջը տրամաբանական է և անհրաժեշտ։ Սակայն, իշխանությունների որոշ գործողություններ ստիպում են կասկածի տակ առնել դա և հարցին նայել այլ տեսանկյունից։

Դասական իմաստով պատերազմը պահանջում է պետության ունեցած ռեսուրսների մոբիլիզացիա և դրանց արդյունավետ կառավարում։ Պետությունը և հասարակաությունը սկսում են գործառնել տուրբուլենտ վիճակում։ Այն ամենի հաջողության և անհաջողության առաջին պատասխանատուն օրվա իշխանությունն է, քանի որ օժված է այնպիսի լիազորությունների ծավալով, որոնք չունեն այլոք։ Նույնը վերաբերում է նաև համավարակի դեմ պայքարին։ Այս առումով պատերազմը և համավարակի դեմ պայքարը նույնական են։

Խոսելով պատասխանատվությունից՝ կա մեկ կարևոր հանգամանք հաճախ իրավացիորեն մեկնաբանվում է իշխանությունների՝ պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Խոսքը քաղաքացիների անհատական վարքի մասին է։ Եթե պատերազմի ժամանակ փողոց դուրս եկող քաղաքացու ամենօրյա վարքը ուղղակիորեն չի ազդում ռազմաճակատի վրա, ապա վարակի պայմաններում, մարդկանց անպատասխանատու գործողությունները (օր․՝ դիմակ չկրելը) կարող է ազդել «ռազմաճակատի» վրա։ Սա թույլ է տալիս իշխանություններին հաճախ պատասխանատվության սլաքները ուղղել ներքև։ Որքանո՞վ է սա տեղին։ Այս հարցի լավագույն պատասխանը միջազգային փորձն է։ Վերջին ամիսներին բոլոր պետությունները գործում են հենց այդ պայմաններում։ Բոլոր երկրներում առկա են բնակիչներ, որոնց գործողություններից է կախված նաև համավարակի դեմ պայքարը։ Սակայն տարբեր են արդյունքները։ Նույն Եվրոպայում կան թե՛ գերմանական հաջողության, թե՛ բրիտանական անհաջողության պատմությունները։ Այնպես որ, թեև բնակչության պատասխանատվության չափաբաժինը նույնպես էական է, սակայն ինչպես պատերազմում, այստեղ նույնպես առաջին պատասխանատուն իշխանություններն են։

Եթե գլխավոր պատասխանատուն իշխանությունն է, ապա կարևոր հարց է առաջ գալիս՝ ի՞նչ է լինում, երբ իշխանությունները «պատերազմում» անհաջողություններ են գրանցում և ինչպես պետք է շտկել իրավիճակը։ Առաջին լուծումն անմիջական պատասխանատուների փոփոխությունն է։ Այս օղակում գտնվող անձինք ավելի շատ մարտավարական մակարդակում են գործում, իսկ ռազմավարական որոշումները թողնված են վերին օղակին։ Հայաստանում, սկսած արտակարգ դրության հաստատումից, անմիջական պատասխանատուների կազմը դեռևս նույնն է՝ թե՛ պարետատան, թե՛ կառավարության անդամների պարագայում։ Երկրորդ տարբերակը որոշումների կայացման ամենաբարձր մակարդակում փոփոխությունն է, ինչը ենթադրում է, որ ստեղծված իրավիճակում միայն անմիջական պատասխանատուների փոփոխությունը չի ապահովի ցանկալի արդյունքները, քանի որ անարդյունավետության օջախը ավելի բարձր մակարդակում է։

Այս փոփոխությունները կարող են տեղի ունենալ թե՛ ներհամակարգային, թե՛ արտահամակարգային ազդակների միջոցով։ Մի դեպքում իշխանությունները իրենք են հասկանում սեփական թերությունները և գնում են փոփոխության ճանապարհով, որպեսզի ապագա որոշումների կայացումը առավել արդյունավետ դառնա։ Մյուս դեպքում, երբ կառավարման արդյունքները բացասական են, և համակարգի ներսում փոփոխությունը բացակայում է, ապա իրենցից դուրս գտնվող դերակատարները (օրինակ՝ ընդդիմությունը) իրենք են սկսում փոփոխության ազդակներ ուղարկել։ Արձագանքի բացակայության դեպքում, երկկողմ հաղորդակցության անարդյունավետությունը հանգեցնում է բևեռացման և ստեղծվում է իրավիճակ, երբ քննադատելը այլևս ընկալվում է որպես թիկունքից հարված։ Նմանօրինակ երևույթները առկա են այսօրվա Հայաստանում, երբ իշխանության ներկայացուցիչները սկսում են միասնության և համախմբածության կոչեր անել։ Սակայն այդ ամենը այլևս ժամանակավրեպ է, քանի որ իշխող թիմը կորցրել է ճիշտ ժամանակը դա անելու։ Պատճառն այն է, որ արտակարգ դրությանը հաջորդած ժամանակաշրջանում իշխանությունները չնախաձեռնեցին հանրային միասնականության ոչ մի ակտ, որով փորձ կարվեր քաղաքական և հասարակական ուժերի հետ պայմանավորվել ճգնաժամային խաղի կանոներեի շուրջ։ Փոխարենը իշխանությունները շարունակեցին միանձնյա որոշումներ կայացնել և անհարկի սրել ներքաղաքական կյանքը։ Արդյունքում, ընդդիմադիր ուժերը հայտնվեցին դիտորդի, ապա քննադատի կարգավիճակում։
Սովորաբար իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ճգնաժամային պայմաններում կերպափոխվում են և պահանջում միասնական ջանքեր ընդդեմ ընդհանուր թշնամու։ Սակայն այդ կերպափոխումը ձախողվում է, երբ դա վերածվում է ընդդիմության նկատմամբ «սուրբ» պահանջի։ Հայաստանի դեպքում մենք ականատես ենք լինում դրան։ Հետևապես, երբ բացակայում է նման միասնականությունը և դրան գումարվում են իշխանությունների անհաջողությունները, ապա ընդդիմությանը ոչինչ չի մնում քան քննադատել, ներկայացնել պահանջներ, վերջնագրեր և այդպես դեմ դուրս գալ իշխանություններին։
Վերադառնանք սկզբում հնչեցրած հարցին՝ արդյո՞ք այսօրվա պայմաններում իշխանությանը դեմ գնալը վնասում է պետությանը և նույնիսկ կարող է որակվել որպես դավաճանություն։ Հաշվի առնելով իշխանության անհաջողությունները, նրանց կողմից ներհամակարգային փոփոխությունների և հասարակական միասնականության ապահովմանն ուղված գործողությունների բացակայությունը, ընդդիմության հետ արդյունավետ հաղորդակցվելու անկարողությունը՝ կարող ենք փաստել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից իշխանության դեմ արվող գործողությունները հենց իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետևանք են։ Հետևապես, ո՛չ առողջ բանականությունը, ո՛չ բարոյական նորմերը թույլ չեն տալիս ընդդիմության գործողությունները որակել որպես թիկունքից հարված։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հ․Գ․ Ընթացիկ փոփոխությունների մասին խոսելիս հաճախ, տեղին և անտեղին, հիշատակվում է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի հայտնի խոսքը, ըստ որի. «գետը անցնելիս ձիերը չեն փոխում»։ Հետաքրքիր է, որ անձամբ Լինքոլնը քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1864թ․-ին, փոխարինեց ԱՄՆ բանակի գլխավոր հրամանատար Հենրի Հալլեքին և այդ պաշտոնում նշանակեց Ուլիսես Գրանտին, ում վիճակված էր պատերազմը հաղթական ավարտին հասցնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում