Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակումը վարչապետի թերթով՝ քաղաքական հետապնդման սկիզբ է․ Լարիսա Ալավերդյան

Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակումը վարչապետի թերթով՝ քաղաքական հետապնդման սկիզբ է․ Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Գագիկ Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակումը վարչապետի թերթով՝ քաղաքական հետապնդման սկիզբ է։ Սուրեն Պապիկյանի դեպքում անձնական տվյալների հրապարակումը քննադատելը և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ իրենց կողմից նույնն անելը ոչ թե երկակի ստանդարտ է, այլ իրավական և քաղաքական ցինիզմ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, նախկին ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

«Այս ոճը, որը որդեգրված է նախևառաջ օրվա վարչապետի և իր թիմակիցների՝ մինչև անգամ ընտանիքի անդամների կողմից, դատապարտում եմ։ Եթե համեմատենք՝ երբ է արվում, դա շատ կարևոր հանգամանք է, ապա ամբողջանում է պատկերը։ Այսինքն, դա արվում է այն պատճառով, որ Ծառուկյանը հայտնել է իր անհամաձայնությունը օրվա իշխանություններին։ Ես գտնում եմ, որ սա քաղաքական հետապնդման սկիզբ է և զուտ բացատրվում է նրանով, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ երկու տարվա կառավարումից հետո իշխանության եկած այս խմբին իրենք ամբողջովին դեմ են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նշենք, որ նախօրեին վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.am կայքում հրապարակվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի մանրամասները։ Փետրվարին 13-ին Hraparak.am-ը գրել էր, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել է դատվածության փաստը։ Երկրորդ հոդվածը քննադատության էր արժանացել իշխանության ներկայացուցիչների կողմից, սակայն մի քանի ամիս անց վարչապետի ընտանիքին պատկանող թերթով հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի ոչ միայն դատվածության փաստը, այլև դատավճռի մանրամասները։

«Ընդունված է սա համարել երկակի ստանդարտ, բայց ես դա ոչ թե երկակի ստանդարտ, այլ իրավական և քաղաքական ցինիզմ եմ համարում։ Դա ամբողջովին պետք է մերժված լինի, բայց չի մերժվում։ Ինչ վերաբերում է լրատվականին, դա առաջին անգամը չէ։ Այս ոճն որդեգրված է եղել դեռ այն ժամանակ, երբ օրվա վարչապետը եղել է գլխավոր խմբագիրը և այս առումով պատահական չէ, որ հրապարակումները նման էին ավելի «դեղնախտով հիվանդ» թերթերի, քան՝ օբյեկտիվ լրատվական միջոցի։ Չմոռանանք, որ այսօր թերթի կառավարումը գտնվում է վարչապետի կնոջ ձեռքին, ընտանեկան ձևով կառավարել երկիրը և քայքայել հասարակությունը, դա ամբողջովին դատապարտելի է։ Կարծում եմ՝ բոլորը, մանավանդ քաղաքական ուժերը, պետք է պահանջեն վերջ դնել այս ոճին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի գործի առումով բավականին երկար ժամանակ է անցել, տարբեր ձևերով այդ հարցն արդեն քննարկվել է, իսկ Սուրեն Պապիկյանի դեպքում իրավիճակն այլ է՝ նա նոր քաղաքական գործիչ է և դատվածությունն էլ եղել է ոչ վաղ անցյալում։

«Ես ինքս դեմ եմ, որ դա արվի այս մեթոդով, այս ոճով։ Կա միայն մեկ ձև, եթե անձը դառնում է քաղաքական գործիչ կամ հանրային, ապա հայտնեն ոչ թե մանրամասները, այլ հանգամանքները և խնդիրը հետևյալն է՝ արդյոք այդ դատվածությունը կարող է խանգարել այդ անձին քաղաքականությամբ զբաղվել։ Ծառուկյանի մասով պետք է ասեմ, որ չկա այդպիսի հանգամանք, որ իր կենսագրության այդ դրվագում ինչ-որ արգելք լինի քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Սա զուտ քաղաքական հետապնդում է»,– նշեց Լարիսա Ալավերդյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում