ԱՄՆ-ում ցուցարարներն ապամոնտաժել են Կոլումբոսի արձանը և նետել լիճը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել են իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել, հաղորդում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ երեքշաբթի երեկոյան հուշարձանի մոտ հավաքվել է շուրջ հազար ցուցարար։ Ի սկզբանե բողոքը խաղաղ բնույթ է կրել։ Ականատեսների խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում ցուցարարները երեք պարանների օգնությամբ հուշարձանը հանել են պատվանդանից, ապա քարշ են տվել այգում գտնվող լճի մոտ և նետել լիճը։

Այնուհետև ցուցարարները պատվանդանի վրա թողել են «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը։

«Մենք պետք է սկսենք նրանից, ինչից ամեն ինչ սկսվեց։ Մենք պետք է սկսենք այն մարդկանցից, ովքեր առաջինը հայտնվեցին այս երկրում»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը։

Լոնդոնում ցույցի մասնակիցները պղծել էին նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել են Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։

Լոնդոնում ցույցերի ֆոնին Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ապամոնտաժել բոլոր ստրկավաճառների արձանները՝ խոստանալով «վերանայել և բարելավել» մայրաքաղաքի տեսարժան վայրերի բազմազանությունը։

Քաղաքապետը Լոնդոնն անվանել է «աշխարհում բազմազանությամբ աչքի ընկնող քաղաքներից մեկը», սակայն նշել է, որ մայրաքաղաքի արձանները, հուշատախտակները և փողոցների անվանումները հիմնականում արտացոլում են վիկտորիանական Բրիտանիան:

Իր հերթին, Վիրջինիա նահանգի նահանգապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարգադրել է հեռացնել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական նահանգների գլխավոր հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի արձանը:

Christopher Columbus statue torn down, thrown in lake by protesters

Christopher Columbus statue at Virginia park torn down, thrown ...

Christopher Columbus statue vandalized, torn down, thrown in lake

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում